Կանադացի բժիշկները պահանջել են չեղարկել իրենց աշխատավարձերի բարձրացումը, քանի որ բուժքույրերն ավելի շատ ունեն գումարի կարիք

105044673-GettyImages-513438121

Կանադական Քվեբեկ նահանգի ավելի քան 700 բժիշկներ եւ բժիշկ–ուսանողներ ստորագրել են նամակի տակ՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատավարձերի բարձրացումը: Նրանց կարծիքով իրենք, ի տարբերություն օժանդակ բուժանձնակազմի, ավելի շատ են վաստակում: Բացի այդ, նրանք կարծում են, որ այդ գումարները պետք է ներդրվեն հիվանդների սպասարկումը բարելավելու համար:

«Այդ աշխատավարձի բարձրացումն ավելի քան ցնցող է, որովհետեւ մեր բուժքույրերը, գործավարները եւ այլ մասնագետներ աշխատում են ավելի ծանր պայմաններում, իսկ մեր հիվանդները զրկված են անհրաժեշտ ծառայություններից վերջին տարիներին ֆինանսավորումը կտրուկ կրճատելու եւ առողջապահության նախարարությունում իշխանությունը կենտրոնացնելու պատճառով»,- ասվում է նամակում:

Քվեբեկի բժիշկները պահանջել են, որպեսզի չեղարկեն աշխատավարձերի բարձրացումը, իսկ գումարները վերաբաշխեն հօգուտ «առողջապահության բոլոր աշխատակիցների բարօրության» եւ բժշկական ծառայությունների որակի բարելավման:

Համաձայն վիճակագրության, որն անցկացրել է CNBC հեռուստաալիքը, Կանադայում բժիշկները միջինը վաստակում են 261 հազար ամերիկյան դոլար, վիրաբույժները՝ 355 հազար դոլար: Միեւնույն ժամանակ Կանադական տեղեկատվության ինստիտուտը խորհուրդ է տալիս այդ տվյալներին զգուշորեն վերաբերվել, քանի որ չեն ճշտվում այն ծախսերը, որոնք բժիշկները սեփական գրպաններից են տալիս: Այսպես, բժիշկներից մեկն ասել է, որ 231 հազար դոլար աշխատավարձի դեպքում ծախսերը հանելուց հետո իր մոտ մնացել է 137 հազար:

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝