Պաշտոնական Լոնդոնն արձագանքում է. «Սկրիպալի թունավորումը սարսափելի հանցագործություն է»

image

Ռուսաստանցի նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր ենթադրյալ թունավորումը «սարսափելի եւ անխոհեմ հանցագործություն է»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ներկայացուցիչը: Նա նաեւ կոչ է արել բրիտանացիներին խուճապի չմատնվել եւ չշահարկել այն թեման, թե ով կարող է իրականացրած լինել այդ հանցագործությունը: Ավելի վաղ բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ 66-ամյա Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա աղջիկը թունավորվել էին Սոլսբերի քաղաքում: Իշխանությունները տեղի ունեցածը դիտարկում են որպես մահափորձ:

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Էմբեր Ռադը խորհրդարանին հայտնել է, որ նյարդա-կաթվածահարող գազի օգտագործումը բրիտանական հողում «անխոհեմ եւ նենգ քայլ է»: «Դա մահափորձ էր ամենադաժան եւ հրապարակային ձեւով»,- ասել է Ռադը:

«Սակայն եթե մենք ցանկանում ենք հստակ լինել հետաքննության մեջ, պետք է խուսափենք սադրանքներից եւ թույլ տանք ոստիկանությանը շարունակել հետաքննությունը»:

Ռադն ասել է, որ բրիտանական իշխանությունը «կպատասխանի վճռական եւ պատշաճ կերպով, երբ կբացահայտեն, թե ով է պատասխանատու դրա համար»: «Մենք վճռականորեն ենք տրամադրված, որպեսզի մեղավորներին պատասխանատվության ենթարկենք, ովքեր էլ որ նրանք լինեն եւ որտեղ էլ որ լինեն: Ոստիկանը, ով առաջինն է եղել դեպքի վայրում, նույնպես տուժել է, հիմա նա գիտակցության է եկել եւ կարող է խոսել»,- ասել է նա:

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝