Նավալնին, Սոբչակը եւ իրավապաշտպանները պահանջում են Սլուցկիի հրաժարականը

42886353_303

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին կողմ է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավոր Լեոնիդ Սլուցկիի հրաժարականի պահանջին, ում մի քանի լրագրող միանգամից մեղադրել են իրենց հետամտելու մեջ:

Այսօր տեղի են ունեցել Սլուցկիի հրաժարականի պահանջով ակցիաներ: Լրագրողները եւ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները հավաքվել են  Պետդումայի շենքի մոտ՝ պահանջելով հետաքննություն սկսել եւ պատգամավորին պատասխանատվության ենթարկել:

Իսկ Ալեքսեյ Նավալնին հրապարակել է հետաքննություն, որտեղ ասվում է, որ Սլուցկին, լինելով պատգամավոր, Ռուբլյովկայում վարձակալել է հսկայական հողատարածք, սակայն  չի ներկայացրել իր հայտարարագրում:

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տվյալներով՝ պատգամավոր Սլուցկիին են պատկանում երեք շքեղ մեքենաներ Bentley եւ Mercedes, որոնք հնարավոր չէ գնել նրա աշխատավարձով: Միեւնույն ժամանակ հետաքննության մեջ նշվում է, որ այդ ավտոմեքենաներից մեկը կատարել է ճանապարհատրանսպորտային կանոնների ավելի քան 800 խախտում, որոնք արձանագրվել են 2017թ.-ի ամռանը:

Լեոնիդ Սլուցկիի դեմ նմանատիպ ցույց է իրականացրել նաեւ Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը: Հաղորդավարը պահանջում է Սլուցկիին հեռացնել Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից: Նա Պետդումայի շենքի մոտ էր եկել «Պատգամավորներ, մենք ձեզ չենք ցանկանում» պաստառով:

Սոբչակը քննադատել է նաեւ Լիբերալ-դեոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն, ով, նրա կարծիքով, «քողարկում է» պատգամավորին եւ հերքում նրա հանցագործությունները:

​Սլուցկիի կողմից հետապնդումների մասին հայտնել են «Դոժդ» հեռուստաալիքի պրոդյուսեր Դարյա Ժուկը եւ RTVI-ի գլխավոր խմբագրի տեղակալ Եկատերինա Կոտրիկաձեն: BBC-ի լրագրող Ֆարիդա Ռուստամովան  ներկայացրել է ձայնագրություն, որտեղ քաղաքական գործիչը ոչ միանշանակ արտահայտություններ է անում:

Ի դեպ, պատգամավորն ավելի ուշ ներողություն է խնդրել բոլոր կանանցից, ում անհանգստություն է պատճառել:

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝