Պետդեպարտամենտը՝ «Ռիբկայի գործի» մասին. «Դա բավականին տարօրինակ պատմություն է»

14_tn

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում տեղյակ են Թայլանդում Նաստյա Ռիբկայի ձերբակալության մասին եւ համոզված են, որ այն դեպքում, եթե նրա հայտարարություններում «ինչ-որ հետաքրքիր բան» լինի, Թայլանդի ամերիկյան դեսպանատան աշխատակիցները կտեղեկացնեն Վաշինգտոնին: Այդ մասին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը: Միեւնույն ժամանակ նա ճշտել է, որ Ռիբկան ԱՄՆ-ի քաղաքացի չի համարվում, իսկ ամերիկյան դեսպանատունն օգնություն եւ աջակցություն ցուցաբերում է միայն իր քաղաքացիներին: Պատասխանելով այն հարցին, թե հետաքրքրվա՞ծ է արդյոք ամերիկյան իշխանությունը Նաստյա Ռիբկայի ցուցմունքներով՝ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ, Նոյերթն ասել է. «Դա բավականին տարօրինակ պատմություն է»:

Նաստյա Ռիբկան հայտնի է դարձել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի եւ Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի հնարավոր կոռուպցիոն կապի մասին հետաքննությունից: 2016թ.-ի ամռանն օլիգարխը եւ պաշտոնյան միասին նավարկելու ընթացքում իբր թե քննարկել են ամերիկյան ընտրություններին միջամտելու հարցը: Այդ նավում եղել է նաեւ Նաստյա Ռիբկան: Ավելի ուշ Դերիպասկայի նավում տեղի ունեցածը նա նկարագրել է իր գրքում եւ սոցկայքերում:

Փետրվարի վերջին Նաստյա Ռիբկան եւ Ալեքս Լեսլին ձերբակալվել են Թայլանդում, ինչպես պնդում են, անօրինական սեքս-թրեյնինգներ անցկացնելու համար: Ձերբակալությունից հետո Ռիբկան դիմել է ամերիկյան հատուկ ծառայություններին օգնության համար: Նա ասել է, որ պատրաստ է որոշ մանրամասներ ներկայացնել 2016թ.-ի ամերիկյան ընտրություններին Կրեմլի միջամտության մասին՝ պնդելով, որ ինքն ունի Դերիպասկայի բանակցությունների մի քանի ժամ տեւողությամբ ձայնագրություններ, ով որոշ ժամանակ համագործակցում էր Փոլ Մանաֆորթի՝ Դոնալդ Թրամփի շտաբի ղեկավարի հետ:

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝