Ֆենտանիլ. ՌԴ նախկին հետախույզի եւ Նորդ-Օստի պատանդների թունավորման կապը

03008487-92af-4227-b24e-5332a72560da_tv_w1023_r1

Ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը, ով լրտեսության համար դատապարտվել է, այնուհետ հանձնվել Մեծ Բրիտանիային, դեռեւս գտնվում է հիվանդանոցում: Հոսպիտալացման մասին հայտնի դարձավ, երբ Սկրիպալին եւ նրա դստերը հայտնաբերեցին բրիտանական Սոլսբերի քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում:  

Թե ինչն է եղել նրանց թունավորման պատճառը, դեռեւս անհայտ է, սակայն ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ դա կարող է լինել ֆենտանիլը:

Ֆենտանիլն ուժեղ ներգործող թմրանյութ է, որը ԽՍՀՄ-ում առաջինը  սինթեզել են Գիտությունների ակադեմիայի՝ Ռիգայում գտնվող լաբորատորիայում: Պատրաստուկն օգտագործվել է գանգուղեղի բաց վիրահատությունների ժամանակ, որպեսզի հիվանդը գիտակից լինի, սակայն ցավը չզգա:

Ֆենտանիլը Ռուսաստանում ներառված է թմրեցնող, անզգայացնող միջոցների ցանկում, որի վերահսկողությունն իրականացնում է պետությունը: Տարօրինակ զուգադիպությամբ, Սոլսբերի քաղաքի մոտ է գտնվում բրիտանական գիտա-պաշտպանական  լաբորատորիան, որտեղ հետազոտում էին այն գազի բաղադրությունը, որը կիրառել են ռուսաստանյան հատուկ ծառայությունները Նորդ-Օստի պատանդներին ազատելու ժամանակ:

Այդ նյութը կիրառելու ժամանակ ավելի քան 100 մարդ զոհվեց ցուցաբերված ոչ ճիշտ բուժօգնության պատճառով, շատերը հաշմանդամ դարձան: Այդ գազի հստակ բաղադրությունը ռուսաստանյան իշխանությունները մինչ օրս չեն գաղտնազերծել:

Խորհրդային ֆենտանիլի ստեղծողը՝ դոկտոր Էդվարդս Լավրինովիչսը այսօր էլ բնակվում է Լատվիայում: Նա որոշ տեղեկություններ է հաղորդել currenttime.tv-ին, թե ինչ բաղադրություն ունի այդ թմրանյութը եւ հնարավո՞ր է արդյոք այն օգտագործել որպես թույն: Մանրամասները՝ տեսանյութում (վերեւում):

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝