Հնարավոր է՝ ռուսաստանցի հետախույզին թունավորել են ֆենտանիլով

42838031_303

Սոլսբերիի առեւտրի կենտրոնի շրջակայքում, որտեղից հոսպիտալացրել են ռուսաստանցի հետախույզ Սերգեյ Սկրիպալին, աշխատում են Անգլիայի ճառագայթային անվտանգության եւ թունաբանական  պաշտպանության ազգային առողջապահական ծառայության փորձագետները:

Սերգեյ Սկրիպալը՝ ռուսաստանցի ռազմական հետախույզը, ով դատապարտվել է Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության համար իրականացրած լրտեսության համար, եւ նրա 33-ամյա ուղեկցորդուհին՝ ենթադրաբար նրա դուստրը, հավանաբար թունավորվել են ֆենտանիլ դեղորայքով: Այս մասին հայտնել է բրիտանական The Daily Telegraph-ը՝ հղում անելով հետաքննության նախնական արդյունքներին:

Բժշկության մեջ այդ դեղորայքն օգտագործվում է անզգայացման դեղորայքների հետ: Գերդոզավորման դեպքում այն կարող է հանգեցնել սուր շնչառական խնդիրների, թոքերի այտուցվածության եւ սրտի կանգի:

Բժիշկները զույգին հայտնաբերել են առեւտրի կենտրոնի մոտ նստարանին անգիտակից վիճակում, նրանց տեղափոխել Սոլսբերիի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ նրանց վիճակը նախկինի նման գնահատվում է ծայրահեղ ծանր:

Պատահարից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել Անգլիայի ճառագայթային անվտանգության եւ թունաբանական  պաշտպանության ազգային առողջապահական ծառայության փորձագետները: Հետաքննիչները հարցաքննել են ականատեսներին եւ նմուշներ են վերցրել դատաբժշկական փորձաքննության համար: Միեւնույն ժամանակ, լրագրողները պնդում են, որ մասնագետները հայտնաբերել են «ինչ-որ նյութի» հետքեր, որը հաջողությամբ չեզոքացրել են: Այդ առումով բրիտանացի իրավապահների կողմից պաշտոնական հաստատում դեռեւս չկա:

Բացի այդ, դեպքի վայրից ստացված լուսանկարներում երեւում է, որ նստարանին, որտեղ նստած են եղել Սկրիպալը եւ նրա ուղեկցորդուհին, տեղադրել են պաշտպանական շարժական վրան:

Բրիտանական ոստիկանության երկու աշխատակից, ովքեր զբաղվել են տեղի ունեցածի հետաքննությամբ, հոսպիտալացվել են:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Սկրիպալի ուղեկցորդուհին կարող էր լինել նրա դուստրը՝ Յուլիան: Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ նա մշտական բնակություն է հաստատել Ռուսաստանում եւ Սոլսբերի ժամանել էր հորը տեսակցելու համար:  

Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը 2006թ.-ին Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի օգտին կատարած լրտեսության համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: 2010թ.-ին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ լրտեսների փոխանակման շրջանակներում նա ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝