«Կոկաինի գործի» մասին. սկանդալը կարող էր շրջանառվել՝ ելնելով Սեչինի շահերից, ով վաղուց ձգտում է հեռացնել Պատրուշեւին

0ebbd96d11ac395ef86af347910cf

«Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը կոշտ պայքար է մղում ՌԴ-ում իշխանություն ունենալու համար՝ հեռացնելով մրցակիցներին, կարծիք է հայտնում ռուսաստանցի սոցիոլոգ եւ քաղաքագետ Իգոր Էյդմանը: Նրա կարծիքով Սեչինն է ներքաշել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին «կոկաինի գործի» մեջ:

Արգենտինայից Ռուսաստան կեղծ կոկաին տեղափոխելու սկանդալը կարող էր լինել «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի նախաձեռնությամբ Պատրուշեւին հեռացնելու նպատակով:  

«Ես հենց սկզբից համոզված էի, որ կոկաինի սկանդալը ռուսաստանյան էլիտայի միջկլանային հաշիվներ պարզելու արդյունքն է: Իսկ հիմա հայտնի է դարձել, որ Արգենտինայում ՌԴ դեսպանատան միջոցով նարկոտրաֆիկի մասնագետների գործողությունները ղեկավարել է Անվտանգության դաշնային ծառայության գեներալ Իվան Տկաչեւը, ով նախկինում զբաղվում էր Ուլյուկաեւի գործով: Իսկ դա նշանակում է, որ սկանդալը շրջանառվել է՝ ելնելով Սեչինի շահերից, ով վաղուց էր ձգտում հեռացնել Պատրուշեւին»,- գրել է Էյդմանը:

Նրա խոսքերով՝ «Սեչինը հիմա ակտիվորեն հեռացնում է մրցակիցներին եւ կոշտ պայքար մղում իշխանության համար»: Քաղաքագետը ենթադրում է, որ «Ռոսնեֆտի» ղեկավարին օգնել են ԱԴԾ-ի բարձրաստիճան աշխատակիցները, ինչպես նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Սկզբում նրանք այնպես են արել, որ ճամպրուկներն առնչություն ունենան դեսպանատան հետ: Այնուհետեւ կոկաինի իրական տիրոջը՝ Պատրուշեւին, ներշնչեին, որ միայն նա կարող է Ռուսաստան տեղափոխել այդ բեռը: Միեւնույն ժամանակ Սեչինի մարդիկ գիտեին, որ ճամպրուկներն արգենտինական ոստիկանության հսկողության տակ են, եւ միջազգային սկանդալ է լինելու, ինչը կարող է վերջ դնել Պատրուշեւի կարիերային: Նման նենգ դավադրությունը Սեչինի ոճով է»,- ասել է Էյդմանը:

Փետրվարի 22-ին արգենտինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Արգենտինայի եւ ՌԴ իրավապահ մարմինները համատեղ գործողություն են իրականացրել եւ կանխել են նարկոտրաֆիկը Բուենոս Այրեսում գտնվող ռուսաստանյան դեսպանատան միջոցով:

Ռուսաստանցի Անդրեյ Կովալչուկը, ով կազմակերպել էր Արգենտինայից դիվանագիտական փոստով 50 մլն եվրո արժողությամբ 389 կգ կոկաինի տեղափոխումը, ձերբակալվել է մարտի 2-ին Բեռլինի արվարձաններից մեկում Ինտերպոլի հարցմամբ:

Թմրամիջոցի տեղափոխման գործով ձերբակալվել են Արգենտինայի դեսպանատան նախկին աշխատակից Ալի Աբյանովը, ինչպես նաեւ նրանք, ովքեր գնացել են ճամպրուկների հետեւից՝ Վլադիմիր Կալմիկովը եւ Իշտիմիր Հուզդամովը: Արգենտինայում ձերբակալվել են նաեւ Իվան Բլիզնյուկը եւ Ալեքսանդր Չիկալոն: Ըստ թմրավաճառների ծրագրի՝ թմրանյութերը Ռուսաստան իբր թե տեղափոխելու էին Պատրուշեւի ինքնաթիռով:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝