ԱՄՆ-ը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայի հրադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւը խախտելու մեջ

prezident-rf-v-putin-posetil-aviabazu-hmeymim-v-sirii

Վաշինգտոնից հայտնել են, որ Ռուսաստանը չի հետեւում Սիրիայի հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւին: Սպիտակ տան տվյալներով՝ ռուսաստանյան ինքնաթիռներն իրականացնում են մարտական թռիչքներ Արեւելյան Գուտայի շրջանում՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 30-օրյա հումանիտար հրադադարին:

Սպիտակ տան հայտարարությունում ասվում է, որ փետրվարի 24-ից մինչեւ փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում «Հմեյմիմ» օդանավակայանից ռուսաստանյան ինքնաթիռներն օրական իրականացրել են 20 մարտական թռիչք դեպի Դամասկոսի շրջաններ եւ Արեւելյան Գուտա:

Վաշինգտոնը կոչ է արել «ռուսաստանամետ ուժերին անմիջապես դադարեցնել հարձակումները բժշկական ենթակառուցվածքների եւ քաղաքացիների դեմ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է փետրվարի 27-ից Արեւելյան Գուտայում սահմանել հումանիտար դադար: Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում էր ընդունել Սիրիայում 30 օրով հումանիտար դադար սահմանելու մասին:

Սպիտակ տունը հայտնել է, որ փետրվարի 20-21-ը Արեւելյան Գուտայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի պատասխանատուները Ռուսաստանն ու Սիրիան են: ՌԴ նախագահի մամլո խոսնակը հերքել է այդ մեղադրանքները:

Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝