Պուտին-Ռոգոզին տանդեմի կողմից այդ դժոխային զենքի փորձարկումը կարող է հանգեցնել գլոբալ աղետի. Էյդման

image

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բլեֆը՝ կապված միջուկային շարժիչով հրթիռի մշակման հետ, սպառնում է Ռուսաստանին էկոլոգիական աղետով, հայտարարել է ռուսաստանցի սոցիոլոգ եւ քաղաքագետ Իգոր Էյդմանը:

«Պուտինը եւ Ռոգոզինը թռչող Չեռնոբիլ են նախապատրաստում: Երբ Պուտինը պատմում է իր «հրաշք-զենքի» մասին, նրա աչքերը խոնավանում են դեռատի գեղեցկուհու տեսած հեշտասեր ծերունու նման, այտերին վավաշոտ կարմրություն է գոյանում, իսկ ձայնի մեջ ի հայտ են գալիս մետաղական երանգ եւ կիրք: Նա սիրահարված է իր հրթիռներին ծերունու վերջին սիրով, ով կարծես կրկին զգացել է գրեթե կորցրած կյանքի համը»,-նշում է Էյդմանը:

541B029287980Ըստ քաղաքագետի, Ռոգոզինը, անկախ բազմաթիվ ձախողումներից, գտնվում է իշխանությունում, քանի որ փոխարինում է կենսաբանությունում ԽՍՀՄ ժամանակների կեղծ գիտական ուղղության հիմնադիր, ակադեմիկոս Տրոֆիմ Լիսենկոյին:   

«Ինչպես հայտնի է, գյուղատնտեսությունը խորհրդային համակարգի թույլ օղակն էր: Կոմունիստ առաջնորդները հուսով էին, որ կոլեկտիվացումից հետո, համաձայն միակ ճշմարիտ տեսության, վրա կհասնի կոլտնտեսային բազմազանությունը: Իսկ դրա փոխարեն ստացան անկում եւ տոտալ պակասորդ: Լիսենկոն նրանց «գնեց» գյուղատնտեսական արդյունաբերության արմատական եւ արագ աճի խոստումներով: Խորհրդային ղեկավարները ցանկանում էին հավատալ հրաշքին, իսկ Լիսենկոն կարողացավ օգտվել դրանից: Յուրաքանչյուր հերթական ձախողումից հետո նա տալիս էր ավելի հրապուրիչ խոստումներ»,-պատմում է Էյդմանը:

Ըստ քաղաքագետի, դրա նման ինչ-որ բան տեղի է ունենում Պուտին-Ռոգոզին տանդեմում: «Ռուսաստանյան վերջին տարիների արտաքին քաղաքականությունը խլացուցիչ կերպով տապալվել է: Պուտինին, ինչպես առնետի, հետեւողականորեն անկյուն են քշում: Իրավիճակը փոխել կարող է միայն հրաշքը: Եվ Ռոգոզինը ռուսաստանցի նախագահին հույս է տալիս՝ պատմելով նոր գերհզոր սպառազինության ոլորտում առասպելական ճեղքումների մասին: Ռուսաստանյան բլեֆը կարող է աղետալի հետեւանքեր ունենալ»,-կարծիք է հայտնում քաղաքագետը:

Էյդմանը պնդում է, որ դեռեւս նախորդ դարի 50-ական թվականներին ամերիկացիները մշակել էին միջուկային շարժիչով մարտական հրթիռների մի նախագիծ, եւ հետագայում պարզվեց, որ նման հրթիռը հնարավոր չէ փորձարկել առանց էկոլոգիայի համար հսկայական սպառնալիքի: «Արդյունքում ԱՄՆ-ը հրաժարվեց այդ գաղափարից: Դատելով այս ամենից, Պուտին-Ռոգոզին զույգը պատրաստ է փորձարկել այդ դժոխային զենքը: Ռոգոզինի վերջին բոլոր նախագծերն ավարտվում են լիակատար ձախողումով: Չեմ կասկածում, որ այդպես կլինի նաեւ այս անգամ: Միայն թե այս անգամ խոսքը գնում է ոչ միայն թալանված գումարների եւ կորցրած տեխնիկայի մասին: Նման փորձարկումը կարող է հանգեցնել գլոբալ էկոլոգիական աղետի՝ իսկական թռչող Չեռնոբիլի»,- ընդգծում է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի մարտի 1-ին Դաշնային ժողովին հղված իր ուղերձում Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը մշակել է նոր գերձայնային զինատեսակ: Նրա պնդմամբ, «Կինժալ» անվանումով օդահրթիռային համակարգը, որի նմանօրինակը գոյություն չունի աշխարհում, մարտական հերթապահության է անցել Հարավային ռազմական օկրուգի օդանավակայաններում:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝