Պուտինի հայտարարություններն ԱՄՆ-ում ավելի շատ ուրախացնում են «բազեներին»

послание-президента-федеральному-собранию-на-2018-год

 Վլադիմիր Պուտինի ելույթը Դաշնային ժողովի ամեամյա ուղերձով, ուշադրություն գրավեց ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ արտասահմանում: DW-ն հետաքրքրվել է գերմանացի փորձագետներից, թե ինչպես են նրանք ընկալել ՌԴ նախագահի սոցիալական ոլորտի հետ կապված ուղերձը եւ ինչպիսի զգացմունքներ է առաջացրել ռուսաստանյան նոր զենքերի հնարավորությունների ցուցադրությունը, ինչին Պուտինը հատկացրեց իր ելույթի մեծ մասը:

  Մեդվեդեւ-2008-ից մինչեւ խորհրդային հնգամյակներ

«Ելույթի առաջին րոպեներն ինձ հիշեցրեցին Մեդվեդեւի 2008թ.-ի ելույթը: Այսինքն՝ ոչ մի նոր բան, նորից խոսվեց տեխնոլոգիական ոլորտի առաջընթացի մասին»,- նշում է քաղաքագետ Սյուզան Շպանը: Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, անցած տարիների ընթացքում Ռուսաստանում չեն ստեղծվել պայմաններ նման ծրագրերն իրականացնելու համար: «Իրական տեխնոլոգիական բարեփոխումներ տեղի չեն ունեցել, երկրի տնտեսության կառուցվածքը նույնն է մնացել: Այդ պատճառով ՌԴ-ում չարժե տեխնոլոգիական բարեփոխումների հույս ունենալ»,- կարծում է Շպանը:

Սյուզան Շպան

Սյուզան Շպան

«Պուտինի ելույթի շարունակությունն ուներ սպառնալից բնույթ եւ հիշեցրեց խորհրդային տարիները, երբ սահմանվում էր առաջիկա հինգ տարիների նպատակները եւ թվերը»,- շարունակում է քաղաքագետը: Պուտինը խոստացավ, մասնավորապես, կրկնակի նվազեցնել աղքատության մակարդակը, մեկուկես անգամ ավելացնել մեկ անձին բաժին հասնող ՀՆԱ-ն, նվազեցնել հիփոթեքի դրույքաչափը, կրկնապատկել առողջապահության ծախսերը, ապահովել թոշակների բարձրացումը, երկու անգամ ավելի շատ ծախսել ճանապարհաշինության վրա:

Սյուզան Շպանը լուրջ կասկածներ ունի այդ եւ այլ «շատ հավակնոտ ծրագրերը» ֆինանսավորելու պետության հնարավորությունների հարցում՝ նավթի գնից կախված տնտեսության պայմաններում: Արդյունքում հնչեցրած նպատակներից շատերն անիրական եւ  անհասանելի են թվում, համոզված է փորձագետը: «Ասենք, խոսվում էր անօդաչու տրանսպորտի մասին: Սակայն մենք գիտենք, որ իրականում շրջաններում նույնիսկ գնացքները չեն աշխատում»,- նշում է նա:

Խոսելով զենքի մասին՝ Պուտինը փնտրում էր բանակցություննե՞ր

Իր ելույթի շրջանակում մոտ 45 րոպե ՌԴ նախագահը տրամադրել է արտաքին քաղաքականությանը՝ այդ ժամանակի մեծ մասի ընթացքում պատմելով սպառազինության առանձնահատուկ տեսակների մասին: «Դա կրկին հիշեցրեց սառը պատերազմի դարաշրջանը: Միեւնույն ժամանակ, օգտագործելով «սպառնալից հռետորաբանություն», Պուտինը ցանկանում էր Արեւմուտքին դրդել բանակցությունների: Կարծում եմ՝ դա ճնշման ձեւ է, որպեսզի Արեւմուտքը, ԱՄՆ-ը, Եվրոպան Ռուսաստանին ընդունեն որպես հավասարազոր գործընկեր»,- բացատրում է նա:

Ռուսաստանի առաջնորդի ելույթում համանման ուղերձ նկատել է նաեւ Ֆրիդրիխ Նաումանի անվան hիմնադրամի մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Յուլիուս ֆոն Ֆրայթագ-Լորինգհոֆենը: Ըստ նրա, հաղորդագրություններից մեկն ուղղված էր միջազգային ասպարեզին: «Մենք շատ ուժեղ ենք հիմա, զգույշ եղեք եւ խոսեք մեզ հետ, եթե ցանկանում եք ինչ-որ հարցեր լուծել»»,- ասում է փորձագետը:  

Յուլիուս ֆոն Ֆրայթագ-Լորինգհոֆեն

Յուլիուս ֆոն Ֆրայթագ-Լորինգհոֆեն

«Եվս մեկ հաղորդագրություն ուղղված էր երկրի ներքին լսարանին, այն մասին, որ մենք ունենք այդ բոլոր զենքերը, եւ միայն մեկ մարդ կարող է կառավարել այն»,- նշում է Ֆրայթագ-Լորինգհոֆենը: Վերլուծաբանի կարծիքով հանդիսատեսը «պատանդի» տեսք ուներ: «Նրանք ծափահարում էին, սակայն նրանց հայացքներում հաճույք կամ երջանկություն ես չնկատեցի: Նրանք ավելի շուտ վախենում էին պատերազմից եւ կամ սառը պատերազմի մեկնարկից»,- ենթադրում է վերլուծաբանը:

Սառը պատերազմի խաղը սպառնում է ՌԴ տնտեսությանը

Սյուզան Շպանը Պուտինի այդ ելույթն անվանում է «մեկ քայլ ետ, դեպի խորհրդային ժամանակներ»: Նրա գնահատմամբ՝ ելույթում ՌԴ նախագահը սահմանեց իր հաջորդ ժամկետի առաջնահերթությունները: «Ավելի շուտ կլինի այնպես, ինչպես Խորհրդային Միությունում. ռեսուրսների մեծ մասն ուղղվելու է ռազմական ոլորտին, զինտեխնիկան զարգանալու է: Իսկ տնտեսության մնացած ոլորտները հետ են մնալու»,- ամփոփում է քաղաքագետը:

Ֆրայթագ-Լորինգհոֆենը նույնպես ընդգծում է, որ կրթության կամ առողջապահության ծախսերն ավելացնել չի հաջողվի, եթե Ռուսաստանը միաժամանակ սառը պատերազմ խաղա: «Այդ պատճառով ես հույս ունեմ, որ դա ամեն դեպքում ուժը ցուցադրելու ցանկություն էր, որպեսզի հետո անցնեն բանակցությունների»,- ասում է փորձագետը: Միեւնույն ժամանակ նա նշում է, որ արեւելաեվրոպական երկրներում նման ելույթից հետո Ռուսաստանին ավելի մեծ սպառնալիք են համարելու, իսկ ԱՄՆ-ում Վլադիմիր Պուտինի հայտարարություններն ավելի շատ ուրախացնում են «բազեներին»:

«Վաշինգտոնում, իհարկե, կուրախանան այն մարդիկ, ովքեր արդեն երկար տարիներ ասում են, որ Ռուսաստանն ամենամեծ սպառնալիքն է: Այս ելույթն ամրապնդում է նրանց դիրքերը, այլ ոչ թե իմ նմանների, ովքեր դեռ հավատում են, որ խնդիրները հնարավոր է լուծել երկխոսության միջոցով»,-եզրափակում է փորձագետը:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝