Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձը նվիրել էր միջուկային զենքին

putin

Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել Դաշնային ժողովին: Ուղերձի բովանդակության գրեթե 50 տոկոսը նվիրված է եղել նոր սպառազինության տեսակներին՝ այդ թվում միջուկային: «Մեզ ոչ ոք չէր լսում, այժմ կլսեք»,-ասել է ՌԴ նախագահի թեկնածուն:

Նա վստահեցրել է, որ առաջիկա 6 տարում աղքատության մակարդակը կկրճատվի 2 անգամ, թոշակները կավելանան, տարեկան 5 մլն ընտանիք նոր բնակարան կտեղափոխվի: Պուտինի պնդմամբ, Ռուսաստանն ավելի շատ սննդամթերք կարտահանի, քան ներկրում է:

«Ռուսաստանյան բանակը Սիրիայում ցույց տվեց, թե ինչի է ընդունակ: Բազում տարիներ մենք ոչնչով չէինք կարողանում պատասխանել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը եւ Եվրոպայում ամերիկյան ՀՕՊ համակարգերին: Այժմ մենք ունենք նոր բալիստիկ հրթիռ՝ միջուկային շարժիչով թեւավոր հրթիռ, ստորջրյա անօդաչու, մարտական լազերներ: Նման զենք ոչ մեկը չունի, դրանց դեմ անօգուտ են դառնում առկա տեխնոլոգիաները: Այդ պատճառով, մեզ պետք է ականջալուր լինեն: Ռուսաստանին զսպել չի հաջողվել, սակայն մենք ոչ մեկին չենք սպառնում»,-հայտարարել է Պուտինը:

Նա պնդել է, որ Ռուսաստանն իր զինանոցում ունի նաեւ հիպերձայնային զենք՝ «Դաշույն» համակարգը:

Ուղերձի մասին արտահայտվել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկին՝ նշելով. «Պուտինը մասսայական ոչնչացման զենքի մասին խոսում է շատ ավելի մեծ շահագրգռվածությամբ, քան Ռուսաստանի ժողովրդի խնայողությունների»:

 

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝