Լեհաստանում ուժի մեջ է մտել «Բանդերովյան գաղափարախոսությունն» արգելելու մասին օրենքը

1451759472-6240

Լեհաստանում մարտի 1-ից ուժի մեջ է մտել ազգային հիշատակի ինստիտուտի մասին օրենքը: Այդ փաստաթուղթը նախատեսում է քրեական հետապնդում այն անձանց նկատմամբ, ովքեր լեհերին կվերագրեն նացիստների հանցագործությունները, մասնավորապես կօգտագործեն «Լեհաստանի մահվան ճամբարներ» արտահայտությունը, նաեւ նրանց նկատմամբ, ովքեր կհերքեն ուկրաինացի ազգայնականների հանցագործությունները, որոնք իրականացվել են 1925-1950թթ.-ին Լեհաստանի քաղաքացիների նկատմամբ:

Այդ օրենքի ընդունումն անհանգստություն է առաջացրել Ուկրաինայում, ԱՄՆ-ում եւ Իսրայելում: Սակայն Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան փետրվարի 6-ին ստորագրել էր ազգային հիշատակի ինստիտուտի մասին օրենքում փոփոխություններ անելու փաստաթուղթը:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ օրենքը չի համապատասխանում Լեհաստանի եւ Ուկրաինայի միջեւ հռչակված ռազմավարական գործընկերության սկզբունքներին, եւ որ պատմական ճշմարտությունը պահանջում է անկեղծ զրույց եւ երկխոսություն, այլ ոչ թե արգելքներ:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից հայտնել են, որ ազգային հիշատակի ինստիտուտի մասին լեհական օրենքը կարող է խաթարել խոսքի ազատությունը եւ գիտական դիսկուրսը: Դեպարտամենտում նշել են նաեւ, որ  պետք է զգույշ լինել, որպեսզի չխոչընդոտեն Հոլոքոստի վերաբերյալ քննարկումներին եւ մեկնաբանություններին: Լեհաստանի օրենսդրական փոփոխությունների այդ մասը վրդովեցրել է նաեւ Իսրայելին, որտեղ օրենքն  անվանել են «անհիմն»:

Աղբյուր՝  unian.net 

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝