Արցախը՝ էպիկենտրոն. Ալիեւ-Փաշաեւ կլանի եւ «նախիջեւանյան» թիմի ներքին պայքարը

1435223396417961258_750x500

«Ադրբեջանը սկսել է դիվանագիտական նահանջը»,- գրում է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը REGNUM-ում:   

«Բաքուն շարունակում է զարմացնել: Դեռեւս ոչ շատ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսում էր հայկական հողերի նկատմամբ ադրբեջանցիների պատմական իրավունքների մասին, ինչը բացասական արձագանք ունեցավ բազմաթիվ երկրներում: Ակնհայտ էր, որ այդ կերպ հարված է հասցվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Հայտարարությանն արձագանքեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները՝ Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Օրերս հանդես եկավ նաեւ Միացյալ Նահանգները: Վաշինգտոնը հակամարտող կողմերին կոչ արեց զերծ մնալ հայտարարություններից, որոնք սրում են իրավիճակը, հարգել 2017թ.-ին Ժնեւում ձեռք բերված համաձայնությունները եւ լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության թուլացման համար»:

«Նմանատիպ հայտարարությունները նախկինում էլ բավականին շատ էին, սակայն դրանք կապակցված էին տարբեր սուր սյուժեների հետ՝ հիմնականում ճակատային գծում տիրող իրավիճակի: Ահա թե ինչու Ալիեւի ելույթից հետո բազմաթիվ քաղաքագետների եւ փորձագետների շրջանում կասկածներ ի հայտ եկան, որ նախագահը վա-բանկ է գնում՝ արմատապես փոխելով վեկտորը դեպի առճակատում: Սակայն, հանկարծ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի խորհրդի 37-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարում է, որ Բաքուն չի բացառում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացումը երկու երկրներում անցկացվելիք ընտրություններից հետո: Ի պատասխան, Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սամեդ Ալիզադեն հայտարարեց, որ Մինսկի խումբը հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ՝ այդ կառույցն անվանելով «տուրիստական ընկերություն»»,-գրում է Տարասովը:

«Նմանատիպ հայտարարություններով հանդես եկան նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ նախագահի օգնական Ալի Հասանովը, ով պնդում էր, որ եթե իրենց չխանգարեն, ապա առավելագույնը մեկ ամսվա ընթացքում ետ կվերցնեն բոլոր գրավյալ տարածքները»:

Անմիջապես ծագում է առաջին հարցը. «Իսկ ո՞վ է խանգարում Բաքվին»: «Պարզվում է, ըստ Հասանովի, Ադրբեջանին եւ ադրբեջանցիներին Եվրոպայում դիմակայում է հզոր հայկական սփյուռքը՝ Բրյուսելում, Լոնդոնում, Փարիզում ճյուղավորված ցանցերով եւ կենտրոններով: Հասանովի խոսքերով՝ «նրանք շատ ուժեղ են, նրանք ունեն շատ հզոր եւ սերտ կապեր եվրոպական էլիտայի հետ, եւ դա մեծ հաշվով անհավասար պայքար է»: 

Եվ երկրորդ հարցը. «Կոնկրետ ի՞նչ է պատրաստվում անել Ադրբեջանը՝ բանակցություննե՞ր վարել Մինսկի խմբի միջնորդությամբ, թե՞ պատերազմել»: «Բոլոր քաղաքագիտական կանոններով, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հակասական հայտարարությունները պայքարի նախանշաններ են հանդիսանում Ադրբեջանի իշխանությունների վերին էշելոններում: Այդ պայքարի էպիկենտրոնը Լեռնային Ղարաբաղն է՝ խնդիր, որը Ալիեւին չի հաջողվում վճռել: Ըստ իրավապաշտպան Արիֆ Յունուսովի՝ Մադրիդյան սկզբունքները կանխատեսելի ապագայում չեն ընդունվի բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Սուբյեկտիվ պատճառներից է այն, որ Ալիեւը Փաշաեւների կլանի հետ ձգտում է ազատվել Ռամիզ Մեհդիեւի թիմից, որը սերտորեն համագործակցում է Մոսկվայի հետ»:

«Ադրբեջանում 2003թ.-ին Իլհամ Ալիեւի իշխանության գալու առաջին ամիսներից լարվածություն առաջացավ նրա կնոջ ընտանիքի (Փաշաեւների կլանի) եւ նրա հոր հին թիմի միջեւ,- ասում է Յունուսովը: -Իլհամի խնդիրը նրանում է, որ հայրն իշխանության բերեց նրան, սակայն նկատի ունենալով, որ տարիներով պատրաստված եւ իրենց աջակցած թիմը հենարան կլինի նաեւ իր որդու համար: Սակայն Իլհամը եւ ավելի շատ նրա կինը այդպես չէին կարծում: Նրանք Հեյդար Ալիեւի թիմին յուրային չէին համարում. չէ՞ որ նրանք իրենց համար գավառականներ էին: Միեւնույն ժամանակ, Ալիեւ-Փաշաեւ կլանն էլ հին թիմի սրտով չէր: Չէ՞ որ Հեյդարի թիմն ամբողջությամբ կազմված էր Նախիջեւանի եւ Հայաստանի տարածքների բնակիչներից, իսկ նրանց համար գլխավորը կլանային եւ տարածաշրջանային  մենթալիտետն էր»:

«Դրանից հետեւում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարում պայքար է ընթանում «նախիջեւանյան» խմբավորման եւ Փաշաեւների խմբի միջեւ, որին հաճախ անվանում են «եվրոպական երիտթուրքեր»: Երբ Ալիեւը հանդես եկավ հայկական հողերի մասին հայտնի հայտարարությամբ, դա ազդանշան էր նաեւ «նախիջեւանյան» խմբավորմանը: Երբ Մամեդյարովը խոսում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտության մասին, դա «եվրոպական երիտթուրքերի» գործողությունների արդյունքն է»:

«Խնդիրը խորանում է նաեւ այն հանգամանքով պայմանավորված, որ ընդդիմությունը երկրում թույլ է եւ ճնշված: Ինչպես ժամանակին ասում էր քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն, Ադրբեջանն աշխարհիկ, կիրթ եւ ժողովրդավար ընդդիմության կարիք ունի, որն ինչ-որ բան կարող է առաջարկել հանրությանը: Սակայն եվրոպական տիպի նման ընդդիմություն չկա, իսկ վակուումը լցնում են տարբեր կրոնական ուղղությունները, որոնք վաղ թե ուշ բացահայտ կերպով կհրամցնեն սեփական շահերն ու նպատակները: Ալիեւի մտերիմ շրջապատը, թվում է, սկսել է հասկանալ, որ առաջիկա ընտրությունները կարող են հղի լինել չնախատեսված անակնկալներով: Հիշեցնենք, որ 2014թ.-ին հենց ԱՄՆ-ը կոշտ քննադատության ենթարկեց Ալիեւի ընտրական արշավը՝ բացեիբաց ակնարկելով նրա իշխանության լեգիտիմության հետ կապված խնդիրների մասին: Ինչպե՞ս կլինի այս անգամ: Տեսնե՛նք: Սակայն երեւում է, որ այստեղից էլ սկսվել է դիվանագիտական նահանջը: Նախագահ Ալիեւի համար այս պահին օրախնդիրը Լեռնային Ղարաբաղը չէ»,- եզրափակում է Տարասովը:

Աղբյուր՝ regnum.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝