Սիրիայում շարունակվել են մարտերը ռուսաստանցի վարձկաններին հետաքրքրած նավթի համար

479

Սիրիայում իրանամետ խմբավորումները, որոնք հանդես են գալիս նախագահ Բաշար Ասադի վարչակազմի կողմից, փորձ են ձեռնարկել մուտք գործել Դեյր-էզ-Զորում գտնվող նավթագազային հանքավայրեր: 

Կառավարամետ ուժերը հասել են Սալիխիա շրջան, որը գտնվում է քրդական «Ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցության վերահսկողության տակ, եւ հրետակոծել են «Քոնոքո» նավթահանքի տարածքը: Հաղորդվում է, որ ռեժիմին աջակցող ուժերը վերահսկողության տակ են վերցրել նավթագազային 22 հանքավայրեր:

Սակայն ռազմական խմբավորումները ստիպված են եղել նահանջել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարվածներից հետո: Սա կառավարամետ ուժերի՝ նավթագազային հանքավայրերը գրավելու արդեն երկրորդ փորձն է. մեկ փորձ ձեռնարկվել է փետրվարի սկզբին, բայց այն եւս անհաջողության էր մատնվել: 

Ամերիկյան օդուժի հարվածների հետեւանքով այդ ժամանակ սպանվել էին նաեւ ռուսաստանցի մի քանի վարձկաններ: Նրանք, հնարավոր է, հանքավայրերը փորձել են գրավել «Եվրո փոլիս» ընկերության շահերից ելնելով: Associated Press-ը բացահայտել էր ռուսաստանյան ընկերության եւ սիրիական կառավարության միջեւ կնքված պայմանագրի մանրամասները, ըստ որի ռուսաստանցիներն իրավունք են ստանում տնօրինել արդյունահանվող նավթի 25%-ն այն նավթային տարածքներում, որոնք նրանք կկարողանային գրավել:

Դեյր-էզ-Զոր նահանգում, որը գտնվում է Իրաքի հետ սահմանին, կան խոշորագույն նավթագազային հանքավայրեր: Համանուն քաղաքը համարվում էր «Իսլամական պետության» գլխավոր հենակետը Սիրիայում: 2017թ.-ի նոյեմբերին սիրիական իշխանությունները հայտարարեցին Դեյր-էզ-Զորն ահաբեկիչներից ազատագրելու մասին:

 

Աղբյուր՝ Lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝