Համաշխարհային տերություններն ի՞նչ շահեր են հետապնդում Սիրիայում

000_z405o

Սիրիական պատերազմը վաղուց արդեն դադարել է լինել նախագահ Բաշար Ասադի եւ զինված խմբավորումների դիմակայությունը: Երկու կողմերի թիկունքին էլ կանգնած են տարածաշրջանային եւ համաշխարհային առաջնորդները՝ իրենց շահերով հանդերձ:

Իրան. Ասադի գլխավոր աջակիցը

Առաջին հայացքից Սիրիայի աշխարհիկ իշխանությունը եւ Իրանի այաթոլլաների ռեժիմն ընդհանուր շատ քիչ բան ունեն: Սակայն, հենց Թեհրանն է Ասադին պահում իշխանության ղեկին: Ծայրահեղ դեպքում մինչ 2015թ.-ի աշնանը սիրիական հակամարտությանը Ռուսաստանի ուղղակի միջամտությունը Թեհրանը եղել է Դամասկոսի գլխավոր ռազմական դաշնակիցը: Իրանն օգնում է փողով, զենքով, կիսվում է հատուկ ծառայությունների տեղեկություններով եւ Սիրիա է ուղարկում ռազմական խորհրդատուներին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներին, շիական զինված խմբավորումներին եւ «Հըզբոլլահ» շարժման զինյալներին:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի կրոնական գործոնը՝ ներդրված սունի-ջիհադիստների կողմից, Իրանին հնարավորություն տվեց ներկայանալ որպես շիա-մահմեդականների շահերի պաշտպան: Բացի այդ, Դամասկոս-Թեհրան դաշինքը ստեղծվել է 3 նպատակի հասնելու ձգտումների հիման վրա. նվազեցնել ամերիկյան ազդեցությունը Մերձավոր Արեւելքում, թուլացնել Իսրայելին, իսկ մինչ այդ դիմակայել Իրաքի հավակնություններին (Սադամ Հուսեյնի կառավարման օրոք): Այդ ամենին գումարվում է նաեւ 2 երկրների ընդհանուր թշնամական վերաբերմունքը Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի երկրների նկատմամբ:

Ռուսաստան. Ասադի փրկիչը

Կրեմլը սկսեց Ասադին աջակցել 2015թ.-ից, երբ սիրիացի նախագահին փաստացի «դեմ էին տվել պատին»: Օգնության պաշտոնական առիթն ահաբեկչության դեմ պայքարն էր: Իրականում հարվածներ հասցվեցին ոչ միայն «Իսլամական պետության» գրոհայիններին, այլեւ սիրիական ընդդիմության զինված խմբավորումներին:

Մոսկվայի նպատակը երբեք չի եղել միայն Ասադին աջակցելը: Երբ ուկրաինական ճգնաժամի պատճառով Ռուսաստանը հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ, նախագահ Պուտինը որոշեց երկիրը կրկին դուրս բերել միջազգային ասպարեզ եւ հասավ դրան: Ասադին եւս ձեռնտու էր ռուսաստանյան միջամտությունը: Նրան հաջողվեց վերադարձնել վերահսկողությունը երկրի մեծ մասի վրա: Ռուսաստանի եւ Սիրիայի առավել լուրջ հաջողությունները դարձան Հալեպը եւ Պալմիրան: Կրեմլն անտեսում է բոլոր մեղադրանքները խաղաղ բնակչության դեմ կատարած ռազմական հանցագործությունների համար:

Սաուդյան Արաբիա. Իրանի հետ գաղտնի պատերազմ

Իրաքում 2003թ.-ին մեկնարկած պատերազմից հետո Սաուդյան Արաբիան անհանգստացած է ինչպես տարածաշրջանում Իրանի աճող ազդեցությունից, այնպես էլ Թեհրանի եւ Դամասկոսի մերձեցումից: 2011թ.-ից սաուդցիները զանգվածաբար աջակցում են սիրիական ընդդիմությանը: Նպատակն Ասադի ռեժիմի տապալումն է եւ իշխանության ղեկը սաուդցիներին բարեկամաբար տրամադրված առաջնորդին հանձնելը: Այդ նպատակին հասնելու համար Սիրիայի ջիհադիստական խմբավորումներն առատաձեռնորեն մատակարարվում էին զենքով եւ փողերով: Էր-Ռիադի եւ Թեհրանի համար սիրիական պատերազմը դարձավ սեփական շահերի եւ դիրքերի հաստատման թատերաբեմ:

Թուրքիա. նախկինում ընկեր, այժմ՝ թշնամի

Թուրքիան եւ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռեւս 12-15 տարի առաջ Ասադի հետ գերազանց հարաբերություններ ունեին, ինչի ապացույցն էին Միջերկրածովյան շրջայցի ժամանակ արված համատեղ լուսանկարներն՝ իրենց կանանց հետ: Սակայն քաղաքացիական պատերազմի մեկնարկից հետո ամեն ինչ փոխվեց. Թուրքիան խաղադրույք կատարեց Ասադին տապալելու եւ սիրիական ընդդիմությանն աջակցելու վրա: Թուրքական տարածքներից Սիրիա տեղափոխվեցին զինյալներ, նաեւ սպառազինություն, ինչը նախատեսված էր ինչպես ջիհադիստական խմբավորումների, այնպես էլ «Իսլամական պետության» համար: Այժմ Թուրքիան, թվում է, միայն մեկ նպատակ ունի. կանխել թուրքական սահմանի մոտ քրդական ինքնավարության եւ անկախ տարածքների ի հայտ գալը: Ի դեպ, դա արվում է անգամ ՆԱՏՕ-ի իր գործընկերոջ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության գնով:

Իսրայել. թեհրանյան թշնամիների դեմ

Սիրիական պատերազմի պատճառով Իսրայելի անհանգստությունը բացատրվում է սիրիական տարածքներում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկների եւ Թեհրանին հավատարիմ զինված ապստամբների ներկայությամբ: Դա, ըստ իսրայելցիների, կարող է թույլ տալ «Հըզբոլլահի» մարտիկներին ամրանալ իսրայելա-սիրիական սահմանի մոտ՝ Հոլանյան բարձունքներին, եւ այնտեղից հրթիռակոծել Իսրայելի տարածքը: Այդ պատճառով 2011թ.-ից սկսած իսրայելական ռազմաօդային ուժերը Սիրիայում իրականացրել են հարյուրավոր ռմբակոծություններ, որպեսզի խափանեն «Հըզբոլլահին» սպառազինության մատակարարումները:

ԱՄՆ. մասնակցություն՝ առանց գործողությունների ծրագրի

Իրաքում եւ Լիբիայում ամերիկյան անհաջող ռազմական միջամտություններից քաղած դասերը. ահա թե ինչը կանգնեցրեց ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարակ Օբամային սիրիական հակամարտությանը վճռական միջամտությունից: Երբ 2012թ.-ին Ասադն արդեն մոտ էր ռազմական պարտությանը, Օբաման հրաժարվեց հակամարտությանը մասշտաբային միջամտությունից, թեեւ վճռական կերպով դատապարտեց սիրիացի կառավարչի գործողությունները: Արդյունքում՝ պատերազմին միջամտեց Ռուսաստանը, սակայն Դամասկոսի կողմից:

Դոնալդ Թրամփի քաղաքականությանը եւս բնորոշ է անվճռականությունը: Նրա նպատակն «Իսլամական պետության» ջախջախումն է եւ Իրանի ազդեցության աճի կանխումը: Այդ պատճառով ԱՄՆ-ի գործողությունները սահմանափակվում են Սիրիայում հատուկ նշանակության ուժերի ներկայությամբ եւ հատուկենտ օդային հարվածներով: Այդ կերպ Ամերիկան սիրիական պատերազմին մասնակցում է, սակայն վճռորոշ դերակատարում չունի: Բացի այդ, քուրդ ապստամբների վրա թուրքական բանակի վերջին հարձակումը Վաշինգտոնին կանգնեցրեց դիլեմայի առաջ. ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ում Թուրքիայի գործընկերն է, սակայն, միաժամանակ, «Իսլամական պետության» դեմ պայքարում քրդական կազմավորումների կարիքն ունի:

Գերմանիա. աջակցություն՝ իրավիճակը կարգավորելու համար

Պաշտոնական Բեռլինը բազմիցս պնդել է, որ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն նախագահ Ասադի հեռացումից հետո: ԳԴՀ կանցլերի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը կոչ է արել Իրանին եւ Ռուսաստանին ազդել իրենց խնամարկյալի վրա:

Գերմանիան ուղղակիորեն չի մասնակցում Սիրիայի ռազմական գործողություններին, սակայն հետախույզ-ինքնաթիռներն ԻՊ-ի դիրքերի օդային հետախուզական աշխատանքներ են կատարում: Բացի այդ, բունդեսվերն Իրաքի հյուսիսում աջակցում է քրդական զորամիավորումներին:

 Ֆրանսիա. Մակրոնը՝ քաղաքական որոշման փնտրտուքներում

Սիրիական հակամարտությունում արեւմտյան երկրներից առավել ակտիվ դերակատարում ունի Ֆրանսիան: 2015թ.-ի սեպտեմբերից ֆրանսիական ինքնաթիռները սկսեցին ԻՊ-ի դիրքերի ռմբակոծությունները:

Այդ երկրի համար առաջնահերթություն են մարդասիրական օգնության տրամադրումը, ահաբեկչության դեմ պայքարը եւ խաղաղ բանակցությունների վերսկսումը: Վերջին կետը հատուկ կարեւորություն ունի նախագահ Էմանուել Մակրոնի համար: Փարիզն աջակցում է սիրիական չափավոր ընդդիմությանը եւ հանդես է գալիս քաղաքական որոշման օգտին: Դրա հետ մեկտեղ Մակրոնը հայտարարել է, որ առաջ չի քաշում Ասադի պաշտոնանկության հարցը որպես խաղաղ բանակցությունների պայման:

2018թ.-ի փետրվարին ֆրանսիացի նախագահը սպառնաց նոր օդային հարվածներով, եթե Սիրիայում քաղաքացիական բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման ապացույցներ ի հայտ գան:

 

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝