Ռուսաստանում հեռուստացույցն առայժմ հաղթում է սառնարանին

42023563_303

«Ռուսաստանի ազգաբնակչության տնտեսական դրությունը վատթարանում է: Սակայն Վլադիմիր Պուտինը եւ իշխանությունների կողմից վերահսկվող ԶԼՄ-ները պնդում են, որ իրավիճակն առանց նրա ավելի վատ կլինի»,- գրում է հրապարակախոս Միոդրագ Շորիչը:

«Նախագահ Վլադիմիր Պուտինը խոստանում է իր վերընտրությունից հետո ավելի շատ գումար հատկացնել կրթության եւ առողջապահության ոլորտներին, խոստանում է ավելացնել աշխատավարձերը, տնտեսական աճը, ապահովել իրավակարգը, բարելավել ենթակառուցվածքները, հետեւողական պայքար մղել կոռուպցիայի դեմ: Կարճ ասած, նա խոստանում է այն ամենը, ինչ նա արդեն խոստացել էր իր նախորդ ընտրությունների ժամանակ: Խոստացել էր, բայց, ավաղ, այդպես էլ չէր կատարել»,- նշում է հեղինակը:

Վերախորհրդայնացումը շարունակվում է

Միոդրագ Շորիչ

Միոդրագ Շորիչ

Առանց նպատակների եւ ծրագրերի գոյությունը կշարունակվի, իսկ այդ գործընթացը պետությանը միլիարդավոր ռուբլիներ կարժենա: Տնտեսական բարեփոխումների մասին մնում է միայն երազել: Իրականում գնում է վերախորհրդայնացման գործընթացը՝ տնտեսության ազգայնացումը: Ռուսաստանի ՀՆԱ-ի ¾-րդ մասն ապահովում են այն ընկերությունները, որոնք գտնվում են պետական վերահսկողության ներքո, եւ այդ ցուցանիշն աճում է: Դրա հետեւանքն անարդյունավետությունն է, անզսպելի կոռուպցիան եւ մրցակցության բացակայությունը: Դա լավ նկատելի է հատկապես բանկային սեկտորում: Այդ ընթացքում ՌԴ Կենտրոնական բանկը ձայնի իրավունք է ստացել բազում ֆինանսական հաստատություններում: Երբ բանկերի գործերը հաջող չեն ընթանում, նրանք դիմում են Կենտրոնական բանկին, որը սկսում է ֆինանսավորել, բնականաբար, հարկատուների հաշվին:

Կա նաեւ այլ օրինակ. գործունեության ոլորտները պետությունը համարում է այնքան կարեւոր ազգային անվտանգության համար, որ օտարերկրացիների մուտքն այնտեղ արգելված է: Ո՞ւմ է զարմացնում, որ մեծաթիվ արտասահմանյան ընկերություններ լքում են ռուսաստանյան շուկան: Թեկուզ, թող որ լոբբիստները, օրինակ, առեւտրային պալատները, ուրախությամբ այլ պատկեր նկարեն:

Պետությունը Պուտինի ընկերների զոհն է

Տարիներ ի վեր Ռուսաստանի տնտեսության աճը ծայրահեղ դանդաղ է: Փաստացի այն 2013թ.-ից գտնվում է լճացման մեջ: Շուկայի համար նոր ազդակ կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե պետությունն ավելի շատ մրցակցություն թույլ տա, սկսի պայքարել բյուրոկրատիայի եւ կոռուպցիայի դեմ, նաեւ թույլ տա դատավորներին անել իրենց աշխատանքը՝ առանց արտաքին միջամտության:

Սա ընդամենը երազանք է, քանի որ այդ ամենը վտանգի կենթարկի Պուտինի իշխանությանը: Վերջիվերջո, գոյություն ունի Պուտինի քաղաքական ուղեկիցների, ընկերների եւ կողմնակիցների մի ամբողջ շարք, ովքեր պետությանը դարձրել են իրենց զոհը:

Ալեքսեյ Նավալնիի մասսայականությունը երիտասարդ ռուսաստանցիների շրջանում առաջին հերթին հիմնավորվում է նրանով, որ նա հրապարակայնորեն եւ անվախորեն քողազերծում է քաղաքական դասի կոռուպցիոն կառուցվածքը: Սակայն, հանուն ճշմարտության պետք է նշել, որ Նավալնին իր ինքնասիրահարվածությամբ, նույնիսկ ինքնակամությամբ, ինչ-որ մեկ այլ ոք է, քան ներկայիս կառավարության այլընտրանքը: Կաշառակերներին խարանելը բավարար չէ տնտեսական ծրագրի համար: Այնուհանդերձ, ընդդիմադիրն ինչ-որ բանի հասել է. այդ ընթացքում շատ դպրոցականներ եւ ուսանողներ սկսեցին գիտակցել, որ կաշառք վերցնելը բոլորովին նորաձեւ չէ:

Պետական ԶԼՄ-ների ազդեցությունը

Ռուսաստանցիները մարտի 18-ին կրկին կընտրեն Պուտինին, թեեւ արդեն ոչ առաջին տարին է, որ աշխատավարձերը նվազում են, մթերքի գները՝ աճում, եւ իրավիճակի բարելավում չի նկատվում: Ինչո՞ւ: Որովհետեւ պետական ԶԼՄ-ները համոզում են մարդկանց, որ առաջիկա ընտրություններին այլընտրանքը հնչում է այս կերպ՝ «Պուտինը կամ քաոս»: Նրանք վախեր են արթնացնում, որ ամեն ինչ կրկին կարող է այնպես վատ լինել, ինչպես 1990-ականներին էր:

Եվ այդ կերպ հյուրասենյակի հեռուստացույցը հաղթում է խոհանոցի՝ ավելի ու ավելի շատ դատարկվող սառնարանին: Սակայն մի օր սառնարանը պատասխան հարված կհասցնի:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝