«Իլհամ Ալիեւի նպատակը Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի դուրսբերումն է»

27994024_1405960929532510_1745840793_n

«Նախագահական ընտրությունների ժամկետի փոփոխությունն ուղղակի պատասխան է հանդիսանում Ադրբեջանի դեմ Եվրադատարանում հարուցված քրեական գործի՝ Եվրոպական կոնվենցիայի 46.4 հոդվածով»:

Այդ մասին գրել է բանտարկության մեջ գտնվող Իլգար Մամեդովը՝ «Հանրապետական այլընտրանք» շարժման առաջնորդը: «Իլհամ Ալիեւի նպատակն է արագ անցկացնել կեղծված ընտրություններ, իսկ հետո հասնել նրան, որ Ադրբեջանը դուրս գա ԵԽ-ից»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ 2017թ.-ի դեկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ը սկսել է հատուկ ընթացակարգ ընդդեմ Ադրբեջանի՝ կապված Իլգար Մամեդովի գործով Ստրասբուրգի դատարանի վճռի չիրագործման հետ: Ադրբեջանին սպառնում է «46-րդ հոդվածի» կիրառումը:

46.4 հոդվածը նախատեսում է ԵԽ-ի կազմից բացառում այն երկրներին, որոնք չեն կատարում Եվրադատարանի որոշումները:

Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունն արձագանքել էր ԵԽ նախարարների կոմիտեի որոշմանը: Պատասխանում նշվում էր. «Կառավարությունն իրավասու է ինքնուրույն ընտրել դատավճռի իրագործման եղանակները»: Այդ կերպ իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր չեն կալանավայրից ազատ արձակել Մամեդովին:

Վերջինս 2013թ.-ի փետրվարի 4-ին ձերբակալվել էր Իսմայիլիում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո։ Մամեդովն առաջադրվել էր նախագահական ընտրությունների թեկնածու, սակայն նրա գրանցումը մերժվել է։

Աղբյուր՝ meydan.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝