«Ռուսաստանի համար կարեւոր է վեճ հրահրել Ուկրաինայի եւ Լեհաստանի միջեւ»

Selection_110

Լեհաստանը եւ Ուկրաինան պետք է մոռանան պատմական տարաձայնությունները եւ ապրեն ներկայով, քանի որ նրանց հակամարտությամբ առավել շահագրգռված է Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է «Գորդոն» հրատարակչության հիմնադիր, լրագրող Դմիտրի Գորդոնը:

«Պետք է հեռանալ պատմական վեճերից, վերջ տալ դրան: Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր երկրում (եւ Ուկրաինայում, եւ Լեհաստանում) կան որոշակի քանակությամբ ազգայնական տրամադրություններ ունեցող ապուշներ, դեբիլներ, որոնք ոչինչ անել չեն կարողանում, բացի ազգայնականությամբ զբաղվելուց: Իհարկե, առկա է նաեւ Մոսկվայի ձեռքը, դրանից չես փախչի: Տարվում է հսկայական աշխատանք, որպեսզի վեճ հրահրեն եւ թունավորեն նրանց, ովքեր կարող են միություններ ստեղծել»,- նշել է Գորդոնը:

Դմիտրի Գորդոն

Դմիտրի Գորդոն

«Ուկրաինան եւ Լեհաստանը երկու հզոր երկրներ են: Լեհաստանը պաշտոնապես հանդիսանում է ԵՄ-ում Ուկրաինայի փաստաբանը, եւ իհարկե, Ռուսաստանի համար կարեւոր է այդ երկու երկրների միջեւ վեճ հրահրել, պատմական թեմաներով ատելություն սերմանել: Ի՞նչ է տեղի ունեցել 40–50-ական թվականներին, անհնար է հասկանալ: Մենք մինչ օրս չենք կարողանում հասկանալ, թե 4 տարի առաջ ինչ եղավ մեզ մոտ՝ Մայդանում: Ի՞նչ է պատմությունը: Դա շատ տենդենցիոզ, հաճախ ոչ ճշմարտացի, կեղծ գիտություն է, եւ ճշմարտությունները հնարավոր չէ գտնել: Սակայն պետք է ընդունել անհերքելի փաստերը, օրինակ, որ եղել է լեհ-ուկրաինական ատելությունը»:

«Կոտորե՞լ են լեհերն ուկրաինացիներին: Կոտորել են: Կոտորե՞լ են ուկրաինացիները լեհերին: Կոտորել են: Կոտորե՞լ են լեհերը հրեաներին: Կոտորել են: Կոտորե՞լ են ուկրաինացիները հրեաներին: Կոտորել են: Այդ թեմայի շուրջ կարելի է շատ բան խոսել, սակայն հարկ չկա այդ մասին խոսել: Պետք է անցնել տնտեսական հարցերի լուծմանը, եւ շատ կարեւոր է չվիճել»,- կարծիք է հայտնել լրագրողը:

Ըստ նրա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թվում էր, որ Գերմանիայի հետ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել, սակայն այժմ այդ երկրի հետ լավ հարաբերություններ են հաստատված:

«Լեհաստանը սարսափելի ողբերգություն է վերապրել, գերմանական օկուպացիայի ժամանակ այդ երկրի տարածքում միլիոնավոր մարդիկ են զոհվել, սակայն դա չի նշանակում, որ Վարշավայի հետ պետք է խզել հարաբերությունները: Հրեաներին սպանել են միայն նրա համար, որ նրանք հրեաներ են: Նման փորձության չի ենթարկվել ոչ մի ազգություն, բացի գնչուներից: Այն, որ դրանում լեհերը մասնակցություն են ունեցել, փաստ է: Բայց դա չի նշանակում, որ այժմ պետք է խզել հարաբերությունները Լեհաստանի հետ: Հրեաներին ոչնչացրել են նաեւ լիտվացիները, լատիշները, էստոնացիները եւ ուկրաինացիները: Պետք է ապրել ներկայով եւ ապագայով»,- ընդգծել է Գորդոնը:

Ուկրաինայի եւ Լեհաստանի հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ լեհական Սենատի կողմից ընդունվեց վիճահարույց օրենք, ըստ որի արգելված է հիշատակել, որ նացիստական համակենտրոնացման ճամբարները լեհական էին։ Նման արտահայտությունների, ինչպես նաեւ այն պնդումների համար, որ Լեհաստանը նույնպես պատասխանատվություն է կրում նացիստների կատարած հանցագործությունների համար, պատիժ է նախատեսված՝ ընդհուպ մինչեւ ազատազրկում:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝