Փոքր հզորության միջուկային զենքն անհրաժեշտ է հատկապես մեկ երկրի զսպելու համար. Պենտագոն

240089834

«ԱՄՆ-ին անհրաժեշտ է ձեռք բերել փոքր հզորության միջուկային զենք պոտենցիալ հակառակորդներին զսպելու համար»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը:

«Մենք կարծում ենք, որ որոշ երկրներ կարող են սխալ հաշվարկ անել, հատկապես մեկ կոնկրետ երկիր՝ ենթադրելով, որ եթե սովորական մարտի ժամանակ իրենք կիրառեն փոքր հզորության միջուկային զենք, ապա մենք չենք կիրառի ավելի հզոր միջուկային զենք»,- ասել է նա Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ: Մեթիսի խոսքերով՝ հենց նման իրավիճակի կանխարգելման համար է ԱՄՆ-ը նախատեսում ստեղծել փոքր հզորության միջուկային զենք: «Դա զսպման միջոց է, դինամիկ ռազմավարություն, որը տարեցտարի, տասնամյակից տասնամյակ փոփոխվում է»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:   

Նոր «Միջուկային զենքի տեսությունից» հետեւում է՝ Վաշինգտոնում կարծում են, որ գերտերությունների միջեւ միջուկային զենքի մրցակցությունը վերադարձել է: ԱՄՆ-ի առանցքային հակառակորդներ համարվում են Ռուսաստանը եւ Չինաստանը: Նրանց հակազդելու համար Վաշինգտոնը պատրաստ է ներդնել սպառազինության նոր համակարգեր: Ըստ ռազմավարության հեղինակների՝ դա պետք է Ռուսաստանի մոտ վերացնի այն պատրանքները, որ նա կարող է առաջինը միջուկային զենք կիրառել Եվրոպայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Եվրահանձնաժողովի «Միջուկային զենքն արգելող միջազգային կազմակերպությունների» (ICAN) մասնագետները հայտնել են, որ մտավախություն ունեն, որ մոտ ապագայում աշխարհում կարող է միջուկային զենք կիրառվել»: «Ռիսկը շատ մեծ է, աշխարհը հիմա ավելի մոտ է աղետի, քան վերջին 65 տարիների ընթացքում»,- հայտարարել է ICAN-ի գործադիր տնօրեն Բեատրիս Ֆինը: Նա նաեւ եվրապատգամավորների ուշադրությունն է հրավիրել Պենտագոնի՝ փոքր հզորության միջուկային զենք ստեղծելու ծրագրերի վրա: ICAN-ի ղեկավարի խոսքերով՝ նման ձգտումներ նկատվում են նաեւ այլ միջուկային գերտերությունների մոտ: «Մենք տեսնում ենք միջուկային զենքի նոր վտանգավոր մրցավազք, որի ժամանակ ջնջվում են միջուկային եւ սովորական զենքերի միջեւ սահմանները»,- ընդգծել է նա:

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝