Փախուստի դիմած ո՞ր գործարարներն են ցանկանում վերադառնալ Ռուսաստան

image

Գործարարների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ, ՌԴ նախագահի թեկնածու Բորիս Տիտովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է այն գործարարների ցանկը, ովքեր ցանկանում են վերադառնալ Ռուսաստան, եթե ուժայինները դադարեցնեն հետապնդումներն իրենց նկատմամբ:

Կրեմլում ցուցակն արդեն ստացել են եւ խոստացել են ուսումնասիրել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Տիտովն իր հերթին հրապարակել է 16 անուն՝ նշելով, որ եւս մեկ գործող անձ ցանկացել է մնալ անհայտ:

Բորիս Տիտով

Բորիս Տիտով

«Այդ բոլոր նախկին գործարարների պատմությունը գրեթե նույնն է. նրանք հասցրել են հեռանալ երկրից մինչ մեկուսարանում հայտնվելը: Ոմանք արդեն 20 տարի ապրում են Ռուսաստանից դուրս, եւ անգամ Ինտերպոլը նրանց հանել է հետախուզվողների ցանկից, իսկ հայրենիքում գործը շարունակում է մնալ առկախ»,-հայտնել է Տիտովը: 

Ահա թե ովքեր են հայտնվել ցուցակում:  

Ալեքսեյ Բաժանով- 2009-2010թ.թ.-ին եղել է գյուղատնտեսության փոխնախարար, «Masloproduct» ընկերության հիմնադիրն է: 2013թ.-ին ձերբակալվել է 1,1 մլրդ ռուբլի հափշտակելու կասկածանքով: Նրան մեղադրանք է առաջադրվել խարդախության եւ փողերի լվացման հոդվածներով: 2013-ի դեկտեմբերին Բաժանովին ազատ են արձակել ստորագրությամբ: Նա հեռացել է Ռուսաստանից: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ինտերպոլի կողմից չի փնտրվում:

Ալեքսանդր Բայգուշեւ, Պավել Վլասյուկ եւ Ալեքսանդր Դելիս -  Նիժնի Նովգորոդի «Կվարտստրոյ» շինարարական ընկերության ղեկավարներն են: 2017թ.-ի ամռանը նրանց նկատմամբ քրեական գործ հարուցեցին եւ հետախուզում հայտարարվեց: Ինտերպոլի կողմից չեն փնտրվում:

Կոնստանտին Դյուլգերով- ուկրաինական ծագումով գործարար, ով բիզնես գործունեություն է ծավալել Նիժնեվարտովսկում, որտեղ օժանդակում էր քաղաքապետին ընդդիմացող լրատվամիջոցներին: 2010թ.-ին նրա նկատմամբ գործ հարուցեցին խարդախության, ապա կաշառք տալու մեղադրանքով: 2013-ից Դյուլգերովը բնակվում է ԱՄՆ-ում: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: Ինտերպոլի կողմից չի փնտրվում:

Վասիլի Դյակուն- Օմսկի բանկերից մեկի սեփականատեր: Դյակունին  մեղադրել են գումարների անօրինական կանխիկացման մեջ «Ստանիսլավ Մացելեւիչի գործի» (կալանավորված է) շրջանակում: Դյակունը 2016-ից հետախուզման մեջ է: Ինտերպոլի կողմից չի փնտրվում:

Վլադիմիր Զյուզին – գործարար՝ Մուրմանսկից: 2015թ.-ին նրա նկատմամբ գործ հարուցեցին Սբերբանկից վարկ ստանալու ժամանակ մեքենայությունների դիմելու մեղադրանքով: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: Ինտերպոլի կողմից չի փնտրվում:

Անդրեյ Կակովկին- Ուրալ-մերձվոլգյան շինկազմակերպության նախկին ղեկավար: Բաց աղբյուրներում նրա դեմ քրեական գործի վերաբերյալ տեղեկատվություն չկա: Սակայն Ռոստովի մարզի դատարանների բազայում կան մի քանի հայցեր նրանից խոշոր չափի գումարի բռնագրավման վերաբերյալ: Ինտերպոլի կողմից չի փնտրվում:

Սերգեյ Կապչուկ-  Սվերդլովսկի մարզի օրենսդրական ժողովի նախկին պատգամավոր: 2005թ.-ին Կապչուկին եւ նրա եղբորը մեղավոր ճանաչեցին ծառայողական բնակարանի հետ կապված խարդախության մեջ: Կապչուկի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Ինտերպոլի կողմից չի փնտրվում:

Ազամաթ Կիլդիգուշեւ- Բաշկորտոստանի Ազգային գրադարանի նախկին փոխտնօրեն: Բաց աղբյուրներում նրա դեմ քրեական գործի վերաբերյալ տեղեկատվություն չկա: 2016-ին մեղադրվել է առանձնապես խոշոր չափի խարդախության մեջ: Նրա դեմ վարկային միջոցների բռնագրավման հայց է ներկայացվել: Ինտերպոլի կողմից չի փնտրվում:

Լեոնիդ Կուրաեւ-  նրա մասին որեւէ տվյալ չկա բաց աղբյուրներում: Ինտերպոլի կողմից չի հետախուզվում:

Վիկտոր Լամաշ- 2011-2012 թ.թ.-ին եղել է ԺԲՌՀ-ի բուժաշխատողների որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկանը: Նրան մեղադրանք է առաջադրվել 10 մլն ռուբլու խարդախության համար, քանի որ ուսանողներն ուսման դիմաց վճարել են Լամաշի հետ փոխկապակցված ընկերությանը: Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ է:

Եվգենի Պետրով- կապված է այն ընկերությունների հետ, որոնք անցնում են հեռավորարեւելյան խոշորագույն գործարանի՝ «Ամուրմետալի» սնանկացման գործով: Բաց աղբյուրներում նրա դեմ քրեական գործի վերաբերյալ տեղեկատվություն չկա: Ինտերպոլի կողմից չի փնտրվում:

Եվգենի Ռիժով-  փաստաբան՝ Նիժնի Նովգորոդից: Հետախուզման մեջ է 2015թ.-ից, նրա նկատմամբ խարդախության մեղադրանք է առաջադրվել: Քննչական մարմնի վարկածով, Ռիժովը փորձել է անօրինական կերպով տիրանալ Մոսկվայում գտնվող հին առանձնատանը: 2017-ի ամռանը նրան ձերբակալել են ԱՄՆ-ում: Այժմ որոշվում է նրան արտահանձնելու հարցը:

Գեորգի Տրեֆիլով-   «Մարթա» հոլդինգի համասեփականատեր (Billa, «Գրոսսմարտ» եւ այլ ապրանքանիշեր): Հոլդինգի սնանկացումից հետո 2009թ.-ին Տրեֆիլովի դեմ գործ հարուցեցին խարդախության եւ 1,3 մլրդ ռուբլու վարկերի հափշտակման մեղադրանքով: 2013-ին կեղծ անձնագիր օգտագործելու համար ձերբակալվել է Լոնդոնում, 1,5 տարով պայմանական ազատազրկման է դատապարտվել: Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ է:

Ալեքսեյ Շմատկո-  գործարար՝ Պենզայից: 2010թ.-ին պայմանական ազատազրկման է դատապարտվել խարդախության եւ 800 հզր ռուբլու հափշտակման մեղադրանքով: 2011-ին նրան ներկայացվեց եւս 50 մլն ռուբլի հափշտակելու մեղադրանք: Շմատկոն հեռացել է Ռուսաստանից եւ քաղաքական ապաստան հայցել Մեծ Բրիտանիայում: Ինչպես գրում է The New Times-ը, հենց Շմատկոն է Լոնդոնում կազմակերպել Տիտովի հանդիպումը գործարարների հետ, որի ժամանակ քննարկվել է ցուցակի հարցը:

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝