Կրեմլն առեւտո՞ւր է անում Պուտինի «փրկագրերով»

152814892

Անսպասելի կերպով հատուկ առաքելությամբ Լոնդոն մեկնեց ՌԴ նախագահին կից գործարարների իրավունքների պաշտպանության հարցերով լիազոր ներկայացուցիչ Բորիս Տիտովը, գրում է քաղաքագետ Իվան Պրեոբրաժենսկին Deutsche Welle-ում:

Մեծ Բրիտանիայում օմբուդսմենը հանդիպել է վերջին տարիներին Ռուսաստանից փախած գործարարների հետ, որոնց մի մասը տանը հետախուզման մեջ է: Նրանց առաջարկվել է վերադառնալ հայրենիք: Ցանկացողների ցուցակն իբր արդեն Պուտինի սեղանին է: Եվ այն կարող է համալրվել. 6 երկրներում իբր բացվել են պոտենցիալ վերադարձողների ընդունման կետեր:

Բորիս Տիտովը հարմար պահ էր ընտրել իր նախաձեռնության համար: Մեծ Բրիտանիան լրջորեն ձեռնամուխ է եղել «կեղտոտ փողերի» բացահայտմանը, որոնք վերջին տասնամյակներին ակտիվորեն «հոսում» էին երկիր: Թանկարժեք ունեցվածքի սեփականատերերը, եթե նրանք ճանաչվում են «քաղաքական նշանակալի անհատներ», պետք է իրենց փողերի ծագման մասին բացատրություն տան: Օֆշորներում թաքնվել եւս չի հաջողվի: Իշխանությունները կարող են վերջնական սեփականատիրոջը պարտադրել բացահայտել իր անունը: Երկու դեպքում էլ բացատրություն տալուց հրաժարվելը կարող է հանգեցնել ունեցվածքի առգրավմանը:

Իվան Պրեոբրաժենսկի

Իվան Պրեոբրաժենսկի

Ռուսաստանից Մեծ Բրիտանիա «հոսած» կապիտալի սեփականատերերին դա ուղղակիորեն է առնչվում ինչպես նրանց, ովքեր գումար են վաստակել զեղծարարությունների ճանապարհով, այնպես էլ համեմատաբար ազնիվ ձեռներեցներին, ովքեր հայրենիքում դեռեւս հետախուզման մեջ են եւ դժվար թե կարողանան ապացուցել իրենց կապիտալի ծագման օրինականությունը:

Գործարարները նյարդայնանում են եւ, հավանաբար, փողերը տեղափոխում են համեմատաբար անվտանգ իրավասության դաշտ՝ Սինգապուրի նման: Եվ հանկարծ նրանց առաջարկում են փակել քրեական գործերը եւ փողերի հետ միասին վերադառնալ հայրենիք անձամբ Վլադիմիր Պուտինի երաշխավորությամբ: Նրանք էմիգրանտներից կրկին կարող են վերածվել «հայրենասեր-գործարարների»:

Մոլախաղեր պետության հետ

Արժե՞ արդյոք, որ գործարարները հավատան իշխանությունների խոստումներին, որոնք արդեն մեկ անգամ նրանց նկատմամբ քրեական գործ են հարուցել եւ զավթել են բիզնեսի մի մասը: Գերադասելի չէ՞ արդյոք վստահել բրիտանական արդարադատությանը եւ ծայրահեղ դեպքում մտավախություն չունենալ, որ մինչեւ դատի ավարտը քեզ կգցեն քննչական մեկուսարանի ճաղերից այն կողմ:

Բիզնես-էմիգրանտների մեծամասնությունը, հաշվի առնելով նախկին ռուսաստանյան փորձը, անգամ լսել չի ուզում պետության եւ նրա ուժայինների հետ մոլախաղերի մասին: Նրանց մոտ, ինչպես հայտնի է, բոլոր խաղաքարտերը նշմարած են: Նրանց հետ, իհարկե, կարելի է պայմանավորվել «ըստ գաղափարների», սակայն հետագայում նրանք հեշտությամբ քեզ «կգցեն»: Կասկած չկա, օրինակ, որ Միխայիլ Խոդորկովսկին Տիտովի հետ հանդիպմանը չի գնացել, թեեւ նրան դժվար թե կանչած էլ լինեն: Այնուհանդերձ, Տիտովին հանդիպած Եվգենի Չիչվարկինի խոսքերով, սրահում 30-40 մարդ է եղել:

Ոչ մի ցուցակի մասին խոսք չի եղել, սակայն Բորիս Տիտովը հայտարարում է, որ իր մոտ արդեն կա պոտենցիալ վերադարձողների ցուցակը, որտեղ ավելի քան մեկ տասնյակ ձեռներեցի անուն է առկա: Եվ եթե նա չի ստում, ապա խոսքը հավանաբար նրանց մասին է, ովքեր որոշել են նստել 2 աթոռի վրա՝ սպասելով, թե ինչ կձեռնարկեն բրիտանական իշխանությունները, եւ միաժամանակ իրենց համար «փրկագիր» (ինդուլգենցիա) կգնեն Պուտինից: Այդ մարդիկ կարող են մտածել, որ ծայրահեղ դեպքում հնարավոր կլինի թողնել անշարժ գույքը եւ «սլանալ» դեպի հայրենիք՝ պահպանելով կապիտալը:

Օրինակա՞ն է արդյոք Տիտովի առաջարկը

«Լոնդոնյան նախաձեռնության» իրավական հիմքերը, մեղմ ասած, կասկածելի են: Դա արդեն մատնանշում են կոռուպցիայի դեմ պայքարող ռուսաստանցիները, այդ թվում նրանք, ովքեր լոյալ են պետության հանդեպ: Եթե էմիգրանտների նկատմամբ քրեական գործերն անօրինական են հարուցվել, միայն նրանց բիզնեսը խլելու նպատակով, ապա ո՞վ պետք է փոխհատուցի նրանց բազում միլիարդների հասնող կորուստները: Իսկ եթե քրեական հետապնդումներն օրինական էին, ապա ո՞վ եւ ի՞նչ հիմնավորմամբ պետք է փակի այդ քրեական գործերը: Այդ հարցերի պատասխանները չկան, եւ դա թույլ է տալիս ասել. «Ռուսաստանը կրկին առաջարկում է անհատական մոտեցում հստակ կոռուպցիոն բաղադրիչներով: Երաշխիքները միայն անձնական են՝ «պացանն ասաց, պացանն արեց» սկզբունքով, իսկ իրավականի մասին խոսք անգամ չկա»:

Ինդուլգենցիա՝ վաղեմության ժամկետով

Հարցը նաեւ նրանում է, թե վերադարձողներն ինչքան ժամանակ կարող են ազատ շնչել հայրենիքում: Պուտինյան «ուժային արիստոկրատիայի» համար, որն էլ նրանց դուրս էր մղել երկրից, այդ «օֆշորային արիստոկրատներն» օտարներ են: Միեւնույն ժամանակ, բյուջեն դատարկվում է: Եվ ով գիտի՝ իշխանություններն ինչքան շուտ կորոշեն «հանուն պետության բարեկեցության» կրկին թալանել նախկին լոնդոնյան էմիգրանտներին:

Գործարարները, որոնց Բորիս Տիտովը տուն է կանչում, թերեւս հասկանում են այդ ամենը: Այնպես որ, չարժե վերադարձողների մեծ հոսք ակնկալել: Հնարավոր է՝ այս ամենը բացարձակ դատարկ փիար-ակցիա է: Սակայն, եթե ոմանք մեկնեն Ռուսաստան, ապա կլինեն հենց նրանք, որոնց կապիտալի ծագումն «ամենամթինն» է: Փողերի ծագման օրինականությունը բրիտանական իշխանություններին ապացուցելու շանսեր նրանք չունեն, իսկ հայրենիքում միայն թե քրեական գործը փակվի, իսկ հետագայում իրենք անձամբ կլուծեն հարցերը… սովորական կոռուպցիոն մեթոդներով:

 

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝