Կլինե՞ն նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ

78_main

«Կրեմլյան զեկույցի» հրապարակմանը Թրամփի աշխատակազմի արձագանքը խոսում է այն մասին, որ Սպիտակ տունը չի շտապում ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, սակայն Կոնգրեսը կարող է դրդել դրան, հայտնում է Deutsche Welle-ն:

Հունվարի վերջին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ներկայացրեց, այսպես կոչված, «Կրեմլյան զեկույցը»՝ պաշտոնյաների եւ գործարարների ցուցակը, որոնց Վաշինգտոնի աշխատակազմը համարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած եւ կոռուպցիայի մեջ ներգրավված անձինք: Փաստաթղթում թվարկված է 210 անուն՝ ՌԴ քաղաքական վերնախավի 114 ներկայացուցչի եւ 96 օլիգարխների: Ցուցակում տեղ են գտել նաեւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի, բոլոր նախարարների եւ ՌԴ նախագահի աշխատակազմի 43 աշխատակիցների՝ այդ թվում նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի, խորհրդականների եւ պետության ղեկավարի օգնականների անունները:

Փաստաթուղթը մեծ քանակությամբ քննադատական խոսքերի արժանացավ անմիջապես հրապարակումից հետո: Շատերն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը մեղադրեցին ցուցակը կազմելիս ցուցաբերած անհետեւողականության եւ չափազանց ֆորմալ մոտեցման մեջ: Օրինակ, Ռուսաստանի Transparency International կազմակերպության տնօրեն Իլյա Շումանովին տարօրինակ է թվացել, որ զեկույցում հիշատակվում են մարդիկ, որոնց անհնար է դասակարգել որպես Պուտինի մերձավոր շրջապատի անձ: Միեւնույն ժամանակ, ով նրա հետ կապված է «սերտորեն եւ երկար ժամանակ», ցուցակում չի հայտնվել: Օրինակ, «Ֆոսագրո» ընկերության համասեփականատեր Վլադիմիր Լիտվինենկոն, ում ղեկավարությամբ Պուտինը պաշտպանել է իր թեկնածուական դիսերտացիան, կամ գործարար Պյոտր Կոլբինը, ով համարվում է ռուսաստանցի նախագահի ընկերը, մատնանշում է փորձագետը:

Առջեւում պատժամիջոցների ընդլայնման մասին օրենքի նոր նախագի՞ծն է

Զեկույցի առաջին մասի հրապարակումից հետո Դոնալդ Թրամփի աշխատակազմը Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հանձնարարականով հանդես չեկավ: Դա որպես եւս մեկ պնդում ծառայեց այն բանի, որ Թրամփի նախագահության երկրորդ տարվա սկզբին Սպիտակ տունը եւ Կոնգրեսն այդպես էլ փոխըմբռնման չհասան ընդհանուր առմամբ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների եւ, մասնավորապես, պատժամիջոցների հարցում:

«Կարող եմ գրազ գալ, որ սենատոր Բեն Քարդինը կամ Սենատի միջազգային հարցերով կոմիտեի մյուս անդամներն ամսվա ընթացքում Սենատին կներկայացնեն նոր պատժամիջոցներ սահմանող օրենքի նախագիծ»,- կանխատեսում է Ռիչարդ Նեֆյուն, ով Բարակ Օբամայի նախագահության տարիներին ղեկավարում էր Պետդեպարտամենտի պատժամիջոցային քաղաքականության համակարգման բաժինը: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, դա չի նշանակում, որ նման նախագիծը կարող է արագ ընդունվել, չէ՞ որ Սենատը զբաղված է նաեւ շատ այլ հարցերով:

Սպիտակ տանը եւ Կոնգրեսում Կրեմլին տարբեր կերպ են վերաբերվում

Իր հերթին Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի հարցերով նախկին տնօրեն Ջեֆրի Էդմոնդսն ամենեւին էլ վստահ չէ, որ առաջիկա շաբաթներին Կրեմլի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման կարելի է սպասել: Միեւնույն ժամանակ նա համաձայն է նրա հետ, որ Կոնգրեսը եւ Սպիտակ տունը Ռուսաստանին տարբեր կերպ են վերաբերվում:

2017թ.-ին ամերիկյան խորհրդարանն օրենք ընդունեց, որն ԱՄՆ նախագահին զրկում էր Ռուսաստանի նկատմամբ ինքնուրույն քաղաքականություն վարելու եւ պատժամիջոցներն առանց Կոնգրեսի համաձայնության չեղարկելու իրավունքից: Եվ եթե հաշվի առնենք, որ Թրամփի նախագահության առաջին տարվա վերջում Կրեմլի հետ նրա թիմի ենթադրյալ կապերի հետաքննությունը նոր է թափ հավաքում, ապա բացարձակապես ակնհայտ է դառնում, որ Սպիտակ տան ղեկավարը զրկվել է Մոսկվայի հետ հարաբերությունները հարթելու վերջին հույսերից: «Արդյունքում, Թրամփի աշխատակազմն այլեւս Ռուսաստանի հետ հարաբերությունների վերբեռնման կամ պատժամիջոցների չեղարկման կոչեր չի անում, սակայն դրա հետ մեկտեղ մտադիր չէ դրանք ընդլայնել»,- պարզաբանում է Էդմոնդսը:

Շարքային ամերիկացիներն աջակցում են ՌԴ դեմ պատժամիջոցներին

Հասարակական կարծիքի հարցումների արդյունքները խոսում են այն մասին, որ ամերիկացիների համոզիչ մեծամասնությունն աջակցում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին: Այլ կերպ ասած, այդ հարցում մարդիկ ավելի շուտ խորհրդարանի կողմից են, քան նախագահի: «Դժվար է պատկերացնել ընտրողների, ովքեր հիացմունքով կընդունեին այն, որ իրենց ներկայացուցիչները համակրում են Ռուսաստանին, հատկապես ԱՄՆ-ի ընտրություններին Կրեմլի միջամտությունից հետո: Նրանց մեծ մասը հստակ քաղաքական ընտրություն է կատարել»,- ընդգծում է Էդմոնդսը:

Փորձագետների կարծիքով, նման դատողության հիմքում ընկած է լայնորեն տարածված տեսակետը, որ Ռուսաստանը թշնամաբար է տրամադրված ԱՄՆ-ի հանդեպ եւ վտանգ է ներկայացնում Վաշինգտոնի շահերին: Հետեւաբար, շարքային ամերիկացիների հայացքների փոփոխությունը մոտակա ժամանակներում քիչ հավանական է:

«Հարաբերությունների վերբեռնում չի լինի»

Ըստ Ռիչարդ Նեֆյուի՝ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ ներկայիս տարաձայնությունների առյուծի բաժինը կարելի է հիմնավորել նրանով, որ Ռուսաստանը դեռեւս փորձում է աշխարհում գտնել իր տեղը «սառը պատերազմից» հետո: «Ես կարծում եմ, որ երկու երկրների միջեւ հարաբերություններում միշտ առկա կլինի որոշակի լարվածություն, սակայն Պուտինն իր աշխարհայացքով իրավիճակը զգալիորեն վատթարացրեց»,- կարծիք է հայտնում փորձագետը:

Նույն տեսակետն ունի նաեւ Ջեֆրի Էդմոնդսը: «Ես երկկողմ հարաբերություններում ոչ մի դրական միտում չեմ տեսնում, ինչքան էլ դրանք կարգավորելու շատ ցանկություն ունենա Թրամփը: Դա միայն Թրամփից եւ Պուտինից կախված չէ»,- նշում է փորձագետը: «Տարաձայնությունների պատճառն այն է, որ երկու երկրների ղեկավարությունների պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի աշխարհի կառուցվածքը, արմատապես տարբերվում են: Պարզ ասած, ռուսաստանցիները որոշ առումով կայունությունը գերադասում են ազատությունից: Հարաբերությունների վերբեռնում չի լինի»,-պնդում է Էդմոնդսը:

 

 Աղբյուր՝ Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝