Ոստիկանները Նավալնիին երկու ծանուցագիր են հանձնել Քննչական կոմիտե ներկայանալու համար

27783350_1398371103624826_855750078_n

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ ոստիկաններն իրեն միանգամից երկու ծանուցագիր են բերել Քննչական կոմիտե ներկայանալու համար, տեղեկացնում է BBC-ն: Քաղաքական գործչի խոսքերով՝ քննիչները ստուգում են տեղեկությունն այն մասին, որ նա իբր ոստիկանների է ծեծել բերման ենթարկվելու ժամանակ, եւ դրա կապակցությամբ ցանկանում են իրեն հարցաքննել:

Նավալնին նշել է, որ ոստիկաններն իր տուն են եկել առավոտյան ժ.7:30-ին: «Ուղղակի վերադարձրեցին իմ 2012թ.-ը, երբ ցույցերից հետո իմ դեմ անմիջապես չորս գործ հարուցեցին մեկ շաբաթվա ընթացքում»,- գրել է նա «Թվիթթերում»:

Հունվարի 28-ին Նավալնիին ձերբակալել էին Մոսկվայում՝ իր համախոհների կողմից կազմակերպված «Ընտրողների գործադուլ» ակցիային միանալու ժամանակ: Քաղաքական գործիչը հասել էր քաղաքի կենտրոն, սակայն մի քանի րոպե անց նրան ձերբակալել էին:

Այդ ժամանակ ոստիկանությունից հայտնել էին, որ ընդդիմադիր գործչի նկատմամբ կազմում են արձանագրություն «Հանրահավաքի անցկացման կարգի խախտման մասին» հոդվածի հիման վրա: Նավալնիին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, սակայն նույն օրը երեկոյան նրան ազատ էին արձակել:

Ինստագրամի իր էջում Նավալնին տեղադրել է տեսանյութ, որտեղ նա, Քննչական կոմիտեի ներկայացուցիչների կարծիքով, ծեծում է ոստիկանության աշխատակիցներին:

Տվերյան հրապարակի ակցիաներից հետո Նավալնիի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մի քանի աշխատակիցների ձերբակալել էին: Ընդհանուր առմամբ «Ընտրողների գործադուլ» ակցիայի ժամանակ ռուսաստանյան քաղաքներում բերման էին ենթարկել շուրջ 350 մարդու:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝