Ռուսաստանը կարող է մշակել հզոր միջուկային տորպեդներ, որոնք ի զորու են հարվածել ԱՄՆ-ի ափամերձ թիրախներին

239003958

Ռուսաստանը կարող է մշակել նորագույն միջմայրցամաքային ստորջրյա ինքնավար տորպեդներ՝ միջուկային մարտագլխիկներով եւ միջուկային մարտկոցով: Այս մասին առաջին անգամ հիշատակվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության «Միջուկային դիրքերի տեսությունը» նոր զեկույցում:

Զենքի այդ տեսակն անվանել են «Ստատուս-6» համակարգ: Այն նկարագրվում է որպես «սարք, որն անցնում է ջրի տակով եւ կարող է հաղթահարել հազարավոր մղոններ, հարվածել ԱՄՆ-ի ափամերձ թիրախներին՝ ռազմաբազաներին կամ քաղաքներին»:

Նաեւ նշվում է, որ սարքը վտանգավոր է ոչ միայն պայթեցման գործընթացի ժամանակ, այլ նաեւ ստեղծում է ճառագայթման հսկայական գոտիներ: Վերլուծաբանները նշում են, որ այդ զենքն այնքան վտանգավոր է, որ հավակնում է «դատաստանի օրվա զենք»-ի կոչմանը, ինչպես նաեւ կարող է  նոր «սառը պատերազմ» հրահրել:

«Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա, որ Ռուսաստանն ակտիվորեն մշակում է այդ համակարգը, սակայն դա Պենտագոնի զեկույցում տեսնելն անհանգստացնող է»,- նշել է վերլուծաբան Ադամ Մաունթը:

Հիշեցնենք, որ հրապարակվել է նոր ամերիկյան միջուկային դոկտրինը, որը ենթադրում է Ռուսաստանի նկատմամբ ավելի ագրեսիվ դիրքորոշում, ինչպես նաեւ թույլ է տալիս բացառիկ դեպքերում կիրառել փոքր հզորության միջուկային զենք:

 

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝