Կանցնի՞ արդյոք քարավանն ամերիկյան ցցի վրայով

27400173_1392935110835092_1665164737_n

Ի՞նչ է ենթադրում ԱՄՆ իշխանությունների ներկայացրած «կրեմլյան ցուցակը», որում ընդգրկվել են ռուսաստանցի 210 բարձրաստիճան պաշտոնյաներ և օլիգարխներ, ի՞նչ հիմնավորմամբ է այն կազմվել և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

«Կրեմլյան զեկույցի» հրապարակված հատվածը կազմված է 4 մասից:

Առաջին հատվածում տեղ են գտել ՌԴ նախագահի աշխատակազմի 43 աշխատակիցների անունները, այդ թվում՝ ղեկավար Անտոն Վայնոյի և Վ. Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի:

Երկրորդ հատվածը վերաբերում է ռուսաստանյան կառավարությանը: Այս ցանկում տեղ են գտել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, նրա բոլոր տեղակալների և կաբինետի նախարարների անունները:

Երրորդ մասն առնչվում է մյուս բարձրաստիճան քաղաքական գործիչներին: Ցուցակի այս հատվածում տեղ են գտել, օրինակ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի, Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆի անունները: Զեկույցում նշված է նաև Օլեգ Բուդարգինի անունը՝ որպես «Российские сети» ընկերության ղեկավար, թեև նա դեռևս 2017թ.-ին լքել է այդ պաշտոնը:

Չորրորդ մասում տեղ են գտել ռուսաստանցի խոշոր գործարարների անունները: Թիրախավորված 96 գործարարները միլիարդատերեր են Forbes-ի ցուցակից: ԱՄՆ ֆինանսների նախարարության զեկույցում նշված է, որ այդ բաժինը կազմվել է՝ հիմք ընդունելով «վստահության արժանի աղբյուրները»: Հիմնական չափանիշը նրանց ֆինանսական կարողությունն է՝ 1 մլրդ դոլար և ավելի:

Ինչպես արդեն հայտնի է, ցուցակում ներառված են նաև ռուսաստանաբնակ հայազգի գործարարների՝ «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանի, «Մագնիտ» խոշորագույն մանրածախ ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկու և «Ռոսգոսստրախ» ընկերության համասեփականատեր Դանիիլ Խաչատուրովի անունները:

«Կրեմլյան զեկույցի» հետևանքները

Անհատական ամերիկյան պատժամիջոցները ենթադրում են տվյալ անձանց մուտքի արգելք ԱՄՆ-ի տարածք և այդ երկրում նրանց ակտիվների սառեցում:

Ստացվում է, որ նրանց համար, ովքեր հայտնվել են ցուցակում, սակայն անհատական պատժամիջոցների չեն ենթարկվել, անբարենպաստ իրավիճակ է ձևավորվում: Զեկույցում ներառումը հեղինակության և գործարար համբավի հետ կապված ռիսկեր է պարունակում: Նրանց պոտենցիալ գործընկերները կարող են հրաժարվել գործարար կապերից՝ մտավախություն ունենալով, որ «կրեմլյան զեկույցում» տեղ գտած անձինք կարող են հայտնվել պատժամիջոցների տակ: Այդ մարդկանց շուրջը ձևավորվում է «թունավոր միջավայր»:

Ցուցակի բաց հատվածում տեղ չեն գտել Վլադիմիր Պուտինի մոտ շրջապատի մարդկանց անունները: Օրինակ, նշված չէ գործարար Պյոտր Կոլբինի անունը, ով ՌԴ նախագահի վաղեմի ծանոթն է: Չկա նաև «Կոնկորդ» ընկերության սեփականատեր, գործարար Եվգենի Պրիգոժինի անունը, ում անվանում են «Պուտինի խոհարար»: Նրան պատկանող ընկերությունը Կրեմլի և մոսկովյան դպրոցների սննդի գլխավոր մատակարարն է: Հնարավոր է, որ նրանց անունները տեղ են գտել զեկույցի փակ հատվածում, որտեղ ներառված են այն անձինք, որոնց կարողությունը չի գերազանցում 1 մլրդ դոլարը:27496561_1392935194168417_1446639025_n

Ընտանիքի անդամներ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած օրենքում նշված է, որ զեկույցը պետք է տեղեկատվություն պարունակի ոչ միայն Պուտինի շրջապատի գործարարների, այլև նրանց ընտանիքների անդամների մասին՝ ամուսինների, երեխաների, ծնողների և բարեկամների (նրանց ակտիվների, ներդրումների և բիզնես-շահերի):

Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի փորձագետներն առաջարկել էին զեկույցում ընդգրկել նաև «ոսկե երիտասարդությանը»՝ իշխանություններին մոտ կանգնած գործարարների երեխաներին:

Արդյունքում, սակայն, ցուցակի բաց հատվածում տեղ չգտան ռուսաստանյան իշխող վերնախավի և բիզնես-էլիտայի ընտանիքների անդամների անունները՝ որոշ բացառություններով: Ցանկում նշված է Կիրիլ Շամալովի՝ ՌԴ նախագահի վաղեմի ծանոթ Նիկոլայ Շամալովի որդու անունը: Նշվում է, որ նա Պուտինի ենթադրյալ դստեր ամուսինն էր, ով, Բլումբերգ գործակալության հաղորդման համաձայն, նախորդ շաբաթ ամուսնալուծվել է:

Արձագանքները

Պաշտոնական Մոսկվան աննախադեպ է համարել ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլյան ցուցակը»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Դե ֆակտո ցուցակում ներկայացված անձանց անվանել են ԱՄՆ-ի թշնամիներ»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է այսպես. «Ռուսաստանը պետք է «մտածի իր մասին», զբաղվի տնտեսությամբ, գյուղատնտեսությամբ, առողջապահությամբ, կրթությամբ, պաշտպանունակության ամրապնդմամբ՝ առաջնորդվելով «շունը հաչում է, քարավանը՝ գնում» կանոնով»:

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին նշել է. «Ցուցակի ամենամեծ թերությունն այն է, որ այնտեղ տեղ չեն գտել Լեբեդևը, Զորկինը, Պամֆիլովան և ամբողջ դատական մաֆիան: Կամ մոռացել են, կամ նրանք ԿՀՎ լրտեսներ են»:

ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը սոցցանցի իր էջում գրել է. «Ցուցակում կան օլիգարխներ, ովքեր սերտ կապեր չունեն Պուտինի հետ: Եվ հակառակը, ոմանց անունները նշված չեն: Անփույթ աշխատանք»:

Իսկ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Իրինա Յարովայան հայտարարել է, որ Ամերիկան բացել է «տնտեսական Գուանտանամոն» ամբողջ աշխարհի բիզնեսի համար:

 Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝