Պատժամիջոցները վնաս կհասցնեն ԱՄՆ-ին եւ եվրոպական բիզնեսին. Պետդումայի խոսնակ

Vyacheslav-Volodin

«Կրեմլյան զեկույցը» ԱՄՆ-ի հերթական փորձն է ներքին քաղաքականության վրա ազդելու, նաեւ պատժամիջոցները վնաս կհասցնեն եվրոպական բիզնեսին, կարծում է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Կոնգրես է ուղարկել, այսպես կոչված, «կրեմլյան զեկույցը» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ գտնվող պաշտոնյաների եւ օլիգարխների ցուցակով, որոնց նկատմամբ Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ կիրառել: «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» օրենքը ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 2017թ.-ի օգոստոսի 2-ին եւ ուժի մեջ կմտնի 2018թ.-ի փետրվարից:

«Երբ խոսքը գնում է պատժամիջոցների մասին, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիների վրա դրանց ազդեցությանը: Հասարակ մարդիկ կդառնան ամերիկյան էլիտայի ներկայացուցիչների ամբիցիաների գերին: Ավելին, միջոցները, որոնք ցանկանում է ձեռնարկել ԱՄՆ-ը, կազդեն շատ պետությունների վրա: Նոր սահմանափակումները, որոնք կիրառվել են ԱՄՆ-ի կողմից, էական վնաս կհասցնեն եվրոպական բիզնեսին»,-հայտարարել է Վոլոդինը:

«Կրեմլյան զեկույցում» ռուսաստանյան ամբողջ կառավարությունն է Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ, ինչպես նաեւ երկրի խոշոր գործարարների ճնշող մեծամասնությունը, որոնց կարողությունը, ըստ Forbes-ի, 2017թ.-ին գերազանցել է 1 մլրդ դոլարը: Իրականում, ԱՄՆ-ի ֆիննախը թվարկել է նախագահի ամբողջ աշխատակազմին՝ ներառյալ նախագահի օգնականներին եւ խորհրդականներին:

Աղբյուր՝ regnum.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝