«Դե ֆակտո բոլորին անվանել են ԱՄՆ-ի թշնամիներ». Պեսկովը՝ «Կրեմլյան զեկույցի» մասին

peskov

Կրեմլում աննախադեպ են համարել ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլյան ցուցակը», տեղեկացնում է meduza.io-ն: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կարելի է նաեւ ուշադրություն դարձնել, որ դե ֆակտո ցուցակում ներկայացված անձանց անվանել են ԱՄՆ-ի թշնամիներ»,-նշել է Պեսկովը՝ հղում անելով փաստաթղթի վերնագրին:

Նա ընդգծել է, որ ցուցակի մասին քննարկում կարելի է անցկացնել միայն փաստաթուղթը մանրամասնորեն վերլուծելուց հետո, եւ այդ ժամանակ պարզ կլինի, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը:

Պեսկովը նշել է նաեւ, որ անտարբեր է վերաբերվում իր անունը ցուցակում ընդգրկելու փաստին:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ռուսաստանցիների ցուցակը, որոնք սերտ կապեր ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ամերիկյան պատժամիջոցների թիրախում են: Ցուցակում են հայտնվել 210 անձանց՝ 114 բարձրաստիճան քաղաքական գործիչների և 96 օլիգարխների անուններ:

Ցուցակում ներառված են նաեւ ռուսաստանաբնակ հայազգի գործարարների՝ «Տաշիր Գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանի,  «Մագնիտ» խոշորագույն մանրածախ ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկու եւ «Ռոսգոստրախ» ընկերության համասեփականատեր Դանիիլ Խաչատուրովի անունները:

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝