Վաշինգտոնում ծանուցել են «կրեմլյան զեկույցի» մասին

image

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն այսօր կթողարկի Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին զեկույցը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Ռաջ Շախը: Սակայն նա չի հստակեցրել, թե որքան է փաստաթղթի ծավալը, եւ ցուցակը կհրապարակվի այսօ՞ր,  առաջիկայու՞մ, թե՞ գաղտնի կպահվի: 

Ազգային հետախուզական ծառայության ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մինչեւ հունվարի 29-ը Կոնգրեսին պետք է ներկայացներ զեկույց, որը վերաբերվելու էր ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր մասնակցում են երկրի քաղաքական ուղեգծի սահմանմանը, նաեւ «օլիգարխներ» անվանված գործարարներին, ովքեր կապված են իշխանական կառույցների եւ անձամբ Վլադիմիր Պուտինի հետ, պետության վերահսկողության ներքո գտնվող ընկերությունների ղեկավարներին եւ նրանց ընտանիքների անդամներին:

Կոնգրեսը չի սահմանափակել նախարարությանը փաստաթղթի ձեւաչափի ընտրության հարցում: Բացի այդ, գերատեսչության հայեցողությանն է թողել նաեւ զեկույցի մի մասը գաղտնի պահելու հարցը: 

Փորձագետների կարծիքով, այդ ցուցակում ընդգրկվելը, անգամ եթե նշված անձանց նկատմամբ ուղղակի պատժամիջոցներ չկիրառվեն, հետեւանքներ կունենա: 

Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այսպես կոչված «կրեմլյան զեկույցը» առաջիկա ընտրություններին միջամտելու փորձ է:

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝