ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

27394646_1389907691137834_1832955981_n

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Ռուսաստանի, տեղեկացնում է BBC-ն: Ընդլայնված ցանկում հայտնվել են 21 ֆիզիկական անձինք եւ 21 ռուսաստանյան կազմակերպություններ:

Այս դեպքում խոսքը պատժամիջոցների ընդլայնման մասին է, որոնք ԱՄՆ-ը կիրառում է Ռուսաստանի նկատմամբ 2014թ.-ից, երբ տեղի ունեցավ Ղրիմի անեքսիան եւ սկսվեցին Դոնբասի մարտական գործողությունները: Անցած տարի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց օրենք, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին նոր պատժամիջոցներ կիրառել:

Ամերիկյան ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ընկերությունների թվում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, հայտնվել է միլիարդատեր Ալեքսեյ Մորդաշովի «Սիլովիե մաշինի» ընկերությունը, ինչպես նաեւ «Ռոստեխ»-ի կազմի մեջ մտնող «Տեխնոպրոմէքսպորտը», որը դատական վեճի մեջ է Siemens ընկերության հետ:

Ցուցակում հայտնվել են նաեւ լեհական Doncoaltrade ընկերությունը, Դոնբասի տարածքում գտնվող եւ Կիեւին չենթարկվող ամենամեծ հանքավայրերն ու ձեռնարկությունները միավորող «Վնեշտորգսերվիս» ընկերությունը,, ուկրաինացի օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի վերահսկողության տակ գտնվող «Գազ-Ալյանս»-ը, ինչպես նաեւ «Եվրո Պոլիս»-ը, որը կապ ունի գործարար Եվգենի Պրիգոժինիի հետ:

Ցուցակում ներառված են նաեւ 12 կազմակերպություններ, որոնք կապված են «Սուրգուտնեֆտեգազ»-ի հետ, այդ թվում նաեւ ապահովագրական ընկերությունները եւ նավթային ընկերության դուստր բանկը, որը գտնվում է Վլադիմիր Բոգդանովի ղեկավարության տակ:

Ֆիզիկական անձանց թվում, որոնց վերաբերվել են սահմանափակումները, ներառվել են էներգետիկայի նախարարի տեղակալ Անդրեյ Չերեզովը, էլեկտրաէներգիայի արդյունաբերության օպերատիվ կառավարման բաժնի տնօրեն Եվգենի Գրաբչակը եւ «Տեխնոպրոմէքսպորտի» ղեկավար Սերգեյ Տոպոր-Գիլկան:

Անցած տարվա օգոստոսին Չերեզովի, Գրաբչակի եւ Տոպոր-Գիլկայի, ինչպես նաեւ Ռուսաստանում Siemens-ի գործընկեր ընկերությունների նկատմամբ պատժամիջոց կիրառել է նաեւ Եվրամիությունը: Ինչպես նախատեսվում է, հունվարի 29-ին հրապարակվելու է «կրեմլյան զեկույցը», որը թույլ կտա ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Վլադիմիր Պուտինի  շրջապատի պաշտոնյաների եւ բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝