Ինչու՞ Թրամփի օրոք պետք է վատթարանան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները

595870

Ավստրիացի փորձագետ Ուլրիխ Կյունը Deutsche Welle-ին տված իր հարցազրույցում գնահատական է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հանդեպ որդեգրած քաղաքական ուղեգծին,  նաեւ կարծիք հայտնել, թե ինչ է սպասվում Մոսկվային եւ Վաշինգտոնին:

Սպիտակ տանը գտնվելու իր 1-ամյակը նշող նախագահը, ըստ փորձագետի, Ռուսաստանի մասով մշակված որեւէ ռազմավարություն չունի:

«Թրամփը հավատարիմ է այն տեսակետին, որ ԱՄՆ-ի համար իմաստ կա համաձայնության հասնել Ռուսաստանի հետ եւ բացահայտ խնդիրներ չունենալ այդ երկրի հետ: Կարծում եմ, որ նրան ուղղորդում են ամերիկացի պահպանողականները եւ Ռոնալդ Ռեյգանի քաղաքականությունը նախորդ դարի 80-ական թվականներին: Միաժամանակ, նա ընդհանրապես չգիտի, թե ինչպես պահել իրեն Ռուսաստանի հետ հարաբերություններում, քանի որ չի հետաքրքրվում իրական քաղաքականությամբ»,- կարծիք է հայտնել փորձագետը:

«Ռուս-ամերիկյան հարաբերություններն արդեն երկար ժամանակ սնուցվում են խնդիրներով. դա ՆԱՏՕ-ի ընդլայնումն է եւ սպառազինության վերահսկողության պայմանագրերը, մասնավորապես, փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման համաձայնագիրը, որի կետերը, ըստ ամերիկացիների, խախտում է պաշտոնական Մոսկվան: Թրամփն այդ խնդիրներով չի հետաքրքրվում, հետեւաբար, Ռուսաստանի մասով ռազմավարության մշակման մասին խոսք լինել չի կարող»:

 Ուլրիխ Կյունի կարծիքով, ռուս-ամերիկյան հարաբերությունները Թրամփի կառավարման հետագա 3 տարիներին կշարունակեն վատթարանալ:

«Կան հստակ նախանշաններ: Նախ, Վաշինգտոնում համոզված են, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, եւ այդ կերպ խախտվել է աշխարհի ամենահզոր տերության ինքնիշխանությունը: Կոնգրեսում դեմոկրատները եւ հանրապետականները ոչ մի թեմայի շուրջ ընդհանուր տեսակետ չունեն, բացի մեկից՝ Ռուսաստանը ԱՄՆ-ի գլխավոր թշնամին է: Եվ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հանդեպ իր վերաբերմունքով ոչինչ չի կարող փոխել, քանի որ Թրամփը շատ թույլ նախագահ է: Նա չունի ոչ մի օրակարգ, չունի ոչ մի հետաքրքրություն քաղաքական գործընթացների նկատմամբ: Իսկ ԱՄՆ-ում՝ նրա թիկունքից, տարվում է հստակ, կոշտ եւ իրական քաղաքականություն: Օրինակ, Ուկրաինային զենքի մատակարարումը, ինչն Օբամայի օրոք անհնար էր թվում: Ռուսաստանը քննադատության է ենթարկվում նաեւ Հյուսիսային Կորեայի հանդեպ պատժամիջոցների ռեժիմը խախտելու համար: Եվ ես ցանկանում եմ նախապես պնդել, որ առաջիկա 3 տարվա ընթացքում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները լրջորեն կտուժեն եւ զգալիորեն կվատթարանան»,-եզրափակել է ավստրիացի փորձագետը:

 

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝