Գերմանիան դուրս է գալիս քաղաքական ճգնաժամից

26803439_1377526225709314_1845105342_n

Բեռլինում հաջողությամբ ավարտվել են նոր կառավարության կազմավորման հարցով նախնական խորհրդակցությունները, հաղորդում է Deutsche Welle-ն: Պահպանողականների եւ սոցիալ-դեմոկրատների խորհրդակցությունների վճռական փուլը տեւել է մեկ օր:

Կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությունները քննարկումներ են անցկացրել նաեւ հունվարի 8-ին եւ հունվարի 11-ին:

Ապագա կոալիցիոն կառավարության պոտենցիալ մասնակիցները որոշ հարցերում ընդհանուր հայտարարի են եկել, սակայն դեռեւս վիճահարույց հարցեր կան:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը, ով հանդես է գալիս ընդդիմադիրի դիրքերից, իր պահանջներն է առաջ քաշում: Մասնավորապես, պահպանողականների եւ սոցիալ-դեմոկրատների կոալիցիոն համաձայնագրի նախագիծը, որը նախատեսում է նախարարական պորտֆելների բաշխում, պետք է ներկայացվի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքային բոլոր անդամների դատին եւ հաստատվի նրանց կողմից:

Գերմանացի շուրջ 500 հզր սոցիալ-դեմոկրատների մեծամասնության հաստատումից հետո միայն Անգելա Մերկելը կրկին կընտրվի կանցլեր: 

Նախնական բանակցությունների բոլոր մասնակիցներն ապագա կառավարության կարեւորագույն խնդիրն են համարում Եվրոպական միության ամրապնդումը: Նրանք համոզված են, որ միայն ուժեղ եւ միացյալ Եվրոպան կարող է լինել Գերմանիայի լավ ապագայի, ազատության եւ բարգավաճման երաշխավորը:

 

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝