Իրանցի ուժայինները կոշտ հակազդեցություն կցուցաբերեն երկիր թափանցած ահաբեկիչներին

843843

Իրանական հատուկ ծառայությունները վճռականորեն կարձագանքեն տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների գործողություններին, Ուրմիա քաղաքում հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Իրանական հատուկ ծառայությունների աշխատակիցները կկանգնեն փամփուշտի առաջ, սակայն թույլ չեն տա թշնամուն խարխլել երկրի անվտանգության հիմքերը: Ահաբեկչական խմբավորումները չեն կարող թուլացնել իրանական ժողովրդի վճռականությունը», -հայտարարել է Ալավին:

Ավելի վաղ Իրանի հետախուզության նախարարությունից հայտնել էին, որ երկրի հյուսիս-արեւմուտքում բացահայտվել է զինված ահաբեկչական խմբավորում, որը մուտք է գործել Իրան եւ ծրագրել է պայթյուններ կազմակերպել ու սպանել անմեղ մարդկանց իրավիճակը սրելու նպատակով:

Հայտարարությունում նշվում է, որ ահաբեկիչներն Արեւմտյան Ադրբեջան նահանգի Փիրանշահր քաղաքում բախվել են իրանցի ուժայինների հետ, որոնցից 3-ը զոհվել են: Խմբավորման անդամներից մեկը սպանվել է, մյուսները՝ վիրավորվել:  Հատուկ գործողությունների արդյունքում առգրավվել են Կալաշնիկով տեսակի ինքնաձիգներ, նռնակներ, զինվորական համազգեստներ:

Ավելի վաղ Իրանի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաների ետեւում կանգնած են ԱՄՆ-ը, Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան, որոնք տարիներ շարունակ դավադրություն են ծրագրել Իրանի դեմ:

 

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝