Սիրիայում ՌԴ ավիաբազան հարձակման է ենթարկվել շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ

image

Սիրիական Լաթաքիա նահանգում տեղակայված ռուսաստանյան Հմեյնիմ ավիաբազան հարձակման է ենթարկվել անհայտ ծագման անօդաչուների կողմից, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում են «Իսլամական պետության» զինյալներին, տեղեկացնում է BBC-ն:

Orient News լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ինքնաշեն   սարքերը թռիչք են գործել ավիաբազայի տարածքի վրա, որոնց արձագանքել է անվտանգության համակարգը: Անօդաչուների ուղղությամբ կրակ է բացվել:

Հրաձգության, պայթյունների եւ հնարավոր վիրավորների մասին սոցցանցի իր էջում տեղեկություններ է հաղորդել սիրիացի լրագրող Կեւորկ Ալմասյանը:

Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել են ոչնչացված 4 անօդաչուների մասին:

Սա Սիրիայում շաբաթվա ընթացքում ռուսաստանյան ավիաբազայի վրա կատարված արդեն երկրորդ հարձակումն է: Դեկտեմբերի 31-ին իսլամիստ ծայրահեղականները գնդակոծել էին Հմեյնիմի տարածքը, ինչի հետեւանքով զոհվել էին ռուսաստանցի 2 զինծառայողներ: Ոչ պաշտոնական տվյալներով, այդ հարձակման ժամանակ տուժել է առնվազն 10 զինծառայող:

 

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝