Մահմուդ Ահմադինեջադին ձերբակալել են. ԶԼՄ-ներ

20130501_zaf_x99_025_1

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ձերբակալվել է երկրում անցկացվող բողոքի ակցիաներին աջակցություն ցուցաբերելու եւ անկարգություններ հրահրելու մեղադրանքով, տեղեկացնում է meduza.io-ն՝ հղում անելով The Times of Israel հրատարակչությանը:

Նշվում է, որ Բուշեր քաղաք կատարած իր այցելության ժամանակ Ահմադինեջադը հայտարարել է, թե «պետության ներկայիս որոշ առաջնորդներ ապրում են սովորական մարդկանց խնդիրներից տարանջատված եւ ոչինչ չգիտեն հանրության իրական վիճակի մասին»: Բացի այդ, նա մեղադրանքներ է հնչեցրել նախագահ Հասան Ռոուհանիի վարչախմբի հասցեին՝ մեղադրելով երկրի վատ կառավարման եւ չարաշահումների մեջ:

Այդ հայտարարություններից հետո Մահմուդ Ահմադինեջադը ձերբակալվել է, եւ ամենայն հավանականությամբ, կմնա տնային կալանքի տակ:

Հիշեցնենք, որ Իրանում մասսայական փողոցային ակցիաներ սկսվեցին Մեշխեդ քաղաքում, այնուհետ բողոքի ալիքը տարածվեց այլ քաղաքներ՝ այդ թվում Թեհրան: Ցուցարարները սկզբնական շրջանում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման պահանջներ էին ներկայացնում, հետագայում սկսեցին հնչել նաեւ քաղաքական կարգախոսներ եւ կառավարության հրաժարականի պահանջներ:  

Անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 21 մարդ, հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվել են:

Իրանի իշխանություններն անկարգություններ հրահրելու մեջ մեղադրում են թշնամի երկրներին՝ ԱՄՆ-ին եւ այդ երկրի արեւմտյան դաշնակիցներին:

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝