
Տասնյակ հազարավոր իրանցիներ մասնակցել են հանրահավաքների՝ ի պաշտպանություն երկրի ղեկավարությանը եւ ընդդեմ բռնությունների, որոնք տեղի են ունեցել վերջին օրերին ընդդիմադիրների կազմակերպած ցույցերի ժամանակ, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:
Կառավարության կողմնակիցների հանրահավաքներ են անցկացվել Թեհրանում, Քերմանում, Սարիում, Ամոլյայում, Սեմնանում եւ Իլամում:
Անցնող շաբաթվա ընթացքում Իրանում ընդդեմ երկրի իշխանությունների բողոքի ակցիաներ էին տեղի ունենում: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին համերկրացիներին կոչ էր արել հանդարտության, եւ հիշեցրել էր նրանց խաղաղ եւ օրինական կամարտահայտության իրավունքի մասին: Բողոքի ակցիաների ժամանակ արձանագրված անկարգությունների ընթացքում մահացել էր առնվազն 20 մարդ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին կոչ էր արել խորհրդի անդամներին՝ աջակցել իրանական ժողովրդի կոչին եւ ձգտումներին, եւ նշել, որ ԱՄՆ-ն հետեւում է Իրանի կառավարության գործողություններին:
Սակայն ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամալի Հոշրուն առաջարկել էր հետաքննություն անցկացնել՝ տեղեկանալու համար, թե ինչ օտարերկրյա գործակալներ եւ տարրեր են Իրանում հրահրել բռնություններ եւ անկայունություն:
Աղբյուր՝ Ինտերֆաքս
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան