«Ես երբեք չեմ կասկածել Թրամփի հոգեկան առողջությանը». Թիլերսոն

timthumb (19)

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ երբեք չի կասկածել Դոնալդ Թրամփի հոգեկան առողջությանը: Այսպես է նա արձագանքել ԱՄՆ-ի նախագահի մասին սկանդալային գրքին, որտեղ հեղինակը պնդում է, որ Թրամփին համարում են երեխա իր ենթակաները, – հայտնում է BBC-ին:

Լրագրող Մայքլ Վուլֆն ասում է, որ «Կրակ եւ զայրույթ. Թրամփի Սպիտակ տան միջանցքներում» գիրքը գրվել է նախագահի մոտ շրջապատի եւ Սպիտակ տան այլ բարձրաստիճան 200 աշխատակիցների հարցազրույցների արդյունքում:

Այլ բաների հետ մեկտեղ Վուլֆը պնդում է, որ Թրամփի շրջապատը նրան անվանում է երեխա, որովհետեւ նա, ինչպես բոլոր երեխաները, կարիք ունի խրախուսման:

«Ամեն ինչ պտտվում է նրա շուրջ: Այդ մարդը չի կարդում, չի լսում ոչ մեկի»,- նկարագրում է Վուլֆը Սպիտակ տնից ստացած իր տպավորությունները:

Թրամփի փաստաբանները փորձեցին թույլ չտալ այդ սկանդալային գրքի տպագրությունը, սակայն արդյունքում հրատարակիչը ոչ միայն չհրաժարվեց տպագրությունից, այլ նաեւ ավելի շուտ սկսեց գրքի վաճառքը:

Անձամբ Թրամփն ասել է, որ այդ գիրքը լի է ստով եւ իրեն վնասելու համար է:

Թիլերսոնն, ով, ըստ շրջանառվող լուրերի, նախագահ Թրամփի հետ լարված հարաբերությունների  մեջ է, CNN-ին տված հարցազրույցում ասել է. «Ես ոչ մի պատճառ չունեմ կասկածի տակ դնելու նախագահի հոգեկան առողջությունը»: Նա ասել է նաեւ՝ Թրամփը նման չէ մյուս նախագահներին: «Ես կարծում եմ, որ դա հայտնի է բոլորին: Դա նաեւ բացատրում է այն, թե ինչու ամերիկացիներն ընտրեցին նրան»:

Իր սեփական պլանների մասին հարցին Թիլերսոնը պատասխանել է․ «Ես ծրագրում եմ մնալ իմ պաշտոնին ամբողջ տարի»: Նրա խոսքով՝ Թրամփն իրեն «չի ակնարկել» այն մասին, թե իր աշխատանքն այդ պաշտոնում վտանգված է: Ըստ ամերիկյան մամուլի՝ Թիլերսոնի և Թրամփի հարաբերություններն անցյալ տարվա ընթացքում վատթարացել են, իսկ տարեվերջին լուրեր տարածվեցին, թե նախագահը պատրաստվում է փոխել պետքարտուղարին:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝