Կա մտավախություն, որ Իրանում սիրիական սցենարը կկրկնվի

05074007.314992.6223

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կարծում է, որ իրավիճակն Իրանում կարող է ընթանալ Սիրիայի սցենարով, որտեղ 2011թ.-ին անկարգությունները վերածվեցին արյունալի քաղաքացիական պատերազմի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի դիվանագետի մեկնաբանությանը:

«Աշխարհն ականատես եղավ Սիրիայում տեղի ունեցած սարսափներին, որոնք սկսվեցին այն բանից հետո, որ դաժան վարչակազմը մերժեց իր ժողովրդի՝ խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը: Մենք չպետք է թույլ տանք, որ նման բան տեղի ունենա Իրանում: Դա Իրանի ժողովրդի հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքի, ինչպես նաեւ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման հարցն է»,- նշել է Հեյլին:

ՄԱԿ-ի ԱԽ նիստը գումարվելու է այսօր երեկոյան Իրանի իրավիճակը քննարկելու համար, որտեղ դեկտեմբերի 28-ից բողոքի ցույցեր են սկսվել: Նիստը գումարվելու է ԱՄՆ-ի խնդրանքով, սակայն այն կարող է տեղի չունենալ, եթե ԱԽ-ի անդամներից որեւէ մեկը խնդրի ընթացակարգային քվեարկություն անցկացնել եւ պատվիրակությունների մեծ մասը համարեն, որ նպատակահարմար չէ այդ հարցը բարձրացնելը:

ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը հաշվի է առել նաեւ իրավիճակի նման զարգացման տարբերակը: «Դա կլինի ցուցիչ, եթե ինչ-որ պետություն փորձի խանգարել քննարկումն անցկացնելուն, նույն կերպ, ինչպես իրանական վարչակարգն է փորձում խեղդել իր ժողովրդի ձայնը»,- ասվում է Հեյլիի մեկնաբանությունում:

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից: Բախումների հետեւանքով զոհվել են ավելի քան 20 մարդ, այդ թվում նաեւ իրավապահներ: Իրանական իշխանության տվյալներով՝ անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել են ավելի քան 450 մարդ:
EBBE928B-9338-4E0D-8FB2-B8DE6DEB6D25_cx0_cy22_cw0_w1023_r1_s A796D573-0B20-44C9-B8EE-80A87252BE44_cx0_cy10_cw0_w1023_r1_s

 

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝