Սաակաշվիլիին ձերբակալել են եւ տեղափոխել մեկուսարան

image

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Կիեւում ձերբակալված Միխայիլ Սաակաշվիլին տեղափոխվել է ժամանակավոր պահման մեկուսարան, հայտնում է ru.hromadske.ua-ն:

Նա հայտնել է, որ Վրաստանի նախկին նախագահին բերման են ենթարկել Ազգային ոստիկանության աշխատակիցներն Օտրադնայա փողոցից: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Սաակաշվիլիին փորձել էին ձերբակալել, սակայն նրա համակիր ակտիվիստները կոտրել էին միկրոավտոբուսի դռները եւ ապակիները՝ նրան ազատելով մեքենայից:

Սաակաշվիլին իր կողմնակիցների առջեւ ելույթ էր ունեցել եւ կոչ արել դուրս գալ Մայդան՝ Պորոշենկոյի, նրա վարչախմբի եւ մերձավոր օլիգարխների իշխանությանը վերջ տալու նպատակով:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն պնդում է, որ կան տեսաձայնագրություններ, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ Սաակաշվիլին առնվազն 300 հզր դոլար ֆինանսավորում է ստացել բողոքի ակցիաներ կազմակերպելու համար: Ըստ դատախազի, Սաակաշվիլիին ֆինանսավորել է Սերգեյ Կուրչենկոն՝ Վիկտոր Յանուկովիչի ժամանակաշրջանի սկանդալային գործարարը, ով հետախուզման մեջ է եւ թաքնվում է Ռուսաստանում:

Աղբյուր՝ ru.hromadske.ua

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝