Սաակաշվիլին հրաժարվել է հարցաքննության ներկայանալ՝ քննիչներին առաջարկելով գնալ վրանային ճամբար

05180801

«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի ներկայանալու Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության, սակայն պատրաստ է քննիչներին ընդունել Կիեւի կենտրոնում տեղակայված վրանային ճամբարում, տեղեկացնում է ru.hromadske.ua-ն:

Այդ մասին նա հայտնել է Գերագույն Ռադայի առջեւ ունեցած ելույթի ժամանակ: 

«Ես չեմ ներկայանա ինչ-որ մի «կեղծ դատախազի» պահանջով, նա ծույլ անգրագետ է, նա անօրինական է, ես նրան գլխավոր դատախազ չեմ համարում»,-հայտնել է Սաակաշվիլին: 

Ըստ նրա, դատախազ Յուրի Լուցենկոն «Մայդանի դավաճան» է:

Միեւնույն ժամանակ, Կիեւի Պեչորյան դատարանը 60 օրով կալանավորել է Սաակաշվիլիի համակիր Սեվերիոն Դանգաձեին:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն պնդում է, որ կան տեսաձայնագրություններ, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ Սաակաշվիլին առնվազն 300 հզր դոլար ֆինանսավորում է ստացել բողոքի ակցիաներ կազմակերպելու համար: Գումարն իբր փոխանցվել է Դանգաձեի միջոցով:

Դատախազը պնդում է, որ Սաակաշվիլիին ֆինանսավորել է Սերգեյ Կուրչենկոն՝ Վիկտոր Յանուկովիչի ժամանակաշրջանի սկանդալային գործարարը, ով հետախուզման մեջ է եւ թաքնվում է Ռուսաստանում:

Աղբյուր՝ ru.hromadske.ua

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝