ՌԴ-ում վաճառվող կոնյակի շուրջ 21%-ը «կոնյակ» կոչվելու իրավունք չունի

31202517

Ռուսաստանյան շուկայում վաճառվող կոնյակի ավելի քան 1/5-րդ մասը կեղծված է: Այդ մասին հայտնել է «Որակի ռուսաստանյան համակարգ» կազմակերպության ղեկավար Մաքսիմ Պրոտասովը:

«Ներկա պահին ես նախնական տվյալներով կարող եմ ասել, որ մեր ուսումնասիրած կոնյակների շուրջ 21 տոկոսը բաղկացած չէ խաղողի սպիրտից: Դրանք այլ սպիրտով են պատրաստված, հետեւաբար կոնյակ չեն հանդիսանում»,-հայտնել է Պրոտասովը:

Ռուսաստանում վաճառվող կոնյակի մեծածավալ ուսումնասիրությունների ընթացքում զննության են ենթարկվել շուրջ 50 ապրանքանիշների կոնյակներ՝ Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ֆրանսիայից:

Այդ տեսակների գները տատանվել են 372-ից մինչեւ 10.000 ռուբլու շրջակայքում:  Որպեսզի դրական գնահատական ստանան, այդ ապրանքները պետք է պարունակեն միայն կոնյակի սպիրտ, այսինքն խաղողի սպիրտ: Անբարեխիղճ արտադրողները շատ դեպքերում ավելացնում են այլ տեսակների սպիրտ՝ հացահատիկային կամ կարտոֆիլի:

Նշենք, որ Ռուսաստանում կրճատվել են կոնյակի մանրածախ վաճառքի ծավալները: 2017թ.-ին վաճառվել է 10,2 մլն դեկալիտր կոնյակ՝ 1,1 տոկոսով ավելի քիչ, քան 2016-ին:

 

Աղբյուր՝ Lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝