Թուրքիայում ձերբակալել են Ռուսաստանից մեկնած տասնյակ մուսուլմանների

230916

Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել են Ռուսաստանից այդ երկիր մեկնած շուրջ 80 մուսուլմաններ, հայտնում է BBC: Բոլոր ձերբակալվածները Ռուսաստանի մահմեդական համայնքների անդամներ են, որոնք երկիրը լքել են իշխանությունների ճնշումների պատճառով:

Հայտարարվել է, որ նրանք սպառնալիք են հանդիսանում Թուրքիայի ազգային անվտանգությանը, եւ որոշ ձերբակալվածների կարող են հանձնել Ռուսաստանին:

«Մոսկվայից գրում են, որ այս կամ այն անձը կարող է Թուրքիայի ազգային անվտանգության համար իրենից վտանգ ներկայացնել, եւ չվերլուծելով այդ տեղեկատվությունը, իշխանությունները ոստիկաններին ուղարկում են տարբեր հասցեներով»,-հայտնել է «Թուրքիայում ռուսաստանցի մուհաջիրների ասոցիացիայի» մամուլի քարտուղար Սալման Սեվերը:

Նախկինում Ռուսաստան էին արտաքսում հիմնականում այն անձանց, ովքեր կասկածվում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Այժմ, հնարավոր է, Ռուսաստան արտաքսվեն նաեւ այն անձինք, ովքեր կապ չունեն ծայրահեղականների հետ, օրինակ նրանք, ովքեր Չեչնիայում ժամանակին մասնակցել են մարտական գործողությունների, կամ նրանք, ովքեր դատապարտել են Սիրիայում Ռուսաստանի գործողությունները:

Թուրքիայի ՆԳՆ տվյալներով, Ռուսաստանի քաղաքացիներն առաջին տեղն են զբաղեցնում արտասահմանցիների ցանկում, ովքեր ձերբակալվել են Սիրիայի եւ Իրաքի կողմից թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում դեռեւս շարունակում է գործել արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր պետական հեղաշրջման փորձից հետո:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝