Նավալնին ազատության մեջ է վարչական կալանքից հետո

navalni

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել կալանավայրից, որտեղ անցկացրել է 20 օր: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին Եվգենիա Ֆելդմանան սոցկայքում հրապարակել է քաղաքական գործչի նկարը՝ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գրասենյակի մոտ: Ազատ արձակվելու մասին Նավալնին գրել էր նաեւ ինստագրամի իր էջում:

«Дождь» հեռուստաալիքը հայտնում է, որ Նավալնին ազատ է արձակվել նախքան լրագրողների ժամանումը: Նախկինում նույնպես նրան տեղափոխել են ներքին գործերի վարչություն եւ ազատ արձակել: Հուլիսին նա ձերբակալված է եղել 25 օր, այնուհետեւ ազատ է արձակվել:

«Ընդդիմադիր Մոսկվա» շարժման ակտիվիստները Մեծ քարե կամուրջին պաստառ էին փակցրել՝ «Ժամանակն է հեռացնել Պուտինին. ընտրել Նավալնիին»: Այսպիսով, նրանք շնորհավորել են քաղաքական գործչին ազատ արձակվելու կապակցությամբ: Շարժման անդամների տվյալներով, պաստառը փակցված է մնացել 15 րոպե:

Հիշեցնենք, որ Նավալնիին հոկտեմբերի 2-ին ձերբակալել էին ցույցեր անցկացնելու կանոնները կրկին խախտելու համար: Նրան ձերբակալել էին Նիժնի Նովգորոդում անցկացվող բողոքի ակցիայից առաջ: Քաղաքի իշխանությունը սկզբում համաձայնություն էր տվել ցույցի անցկացմանը, սակայն հետո մերժել էր՝ սպորտային մրցույթ անցկացնելու համար: Ընդդիմադիր գործիչը բողոքի ցույցը համարել էր օրինական, քանի որ մերժումը շատ ուշ էր եղել:

Աղբյուր՝republic.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝