Հյուսիսային Կորեան Ղրիմը ճանաչում է որպես Ռուսաստանի անբաժանելի մաս

image

ԿԺԴՀ-ում ՌԴ դեսպանատնից հայտնել են, որ Հյուսիսային Կորեան Ղրիմը ճանաչում է որպես «Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մաս», հայտնում է meduza.io-ն:

«Ինչպես պարզաբանել են ԿԺԴՀ արտգործնախարարությունից, հանրապետությունը հարգում է ՌԴ կազմ մուտք գործելու համար Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, դրանք համարում է լեգիտիմ եւ միանգամայն համապատասխան միջազգային իրավական նորմերին»,-հայտնել են ռուսաստանցի դիվանագետները:

Միեւնույն ժամանակ, Փխենյանում հրապարակվել է աշխարհի քաղաքական նոր քարտեզ, որում Ղրիմի թերակղզին պատկերված է ռուսաստանյան գույներով:

22500838_1293799317415339_1027400728_n

Հյուսիսային Կորեան իր դիրքորոշումն ավելի վաղ պաշտոնապես հայտնել էր ՄԱԿ-ում անցկացված քվեարկության ժամանակ: Այդ երկիրը նույն դիրքորոշումն է որդեգրել նաեւ Կուրիլյան կղզիների պատկանելիության հարցում:

Ղրիմի միացմանը Ռուսաստանին այս կամ այն կերպ աջակցել են նաեւ Սիրիան, Զիմբաբվեն, Վենեսուելան, Բոլիվիան, Կուբան, Նիկարագուան, Աֆղանստանը եւ Ղրղզստանը: Այդ երկրների մեծամասնությունը, ինչպես նաեւ Հայաստանը եւ Բելառուսն Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին ՄԱԿ-ի հռչակագրին դեմ են քվեարկել:

Ղրիմը որպես Ռուսաստանի մաս են ճանաչել նաեւ Աբխազիան, Հարավային Օսեթիան, Մերձդնեստրը եւ Լեռնային Ղարաբաղը:

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝