Թուրքիայի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարները քննարկել են հարաբերությունների ճգնաժամը

image

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ եւ խորը անհանգստություն հայտնել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների ու Թուրքիայի քաղաքացիների ձերբակալման կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Նա պահանջել է ձերբակալված անձանց մեղքն ապացուցող փաստեր ներկայացնել:

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթի խոսքերով՝ Թիլերսոնը պնդել է, որ պետք է ապահովվի հրապարակայնությունը եւ ներկայացված մեղադրանքների ապացույցներ տրամադրվի ամերիկյան կողմին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն այդ հարցի շուրջ:

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամ է սկսվել Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալությունից հետո, ով մեղադրվում է «սահմանադրության խախտման» եւ «թուրքական կառավարությունը տապալելու փորձի» մեջ:  Պաշտոնական Անկարան կարծում է, որ Թոփուզը կապեր ունի Ֆեթո կազմակերպության եւ ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ում մեղադրում է 2016թ.-ին Թուրքիայում հեղաշրջման փորձ ձեռնարկելու մեջ:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝