Փխենյանը կարող է իրականացնել նոր միջուկային փորձարկում

4576780

Հյուսիսային Կորեան կարող է իրականացնել նոր ռազմական սադրանքներ այն ժամանակաշրջանում, երբ Փխենյանում նշում են իշխող Կորեայի Աշխատավորական կուսակցության հիմնադրման տարելիցը, մինչեւ հոկտեմբերի 18-ը, երբ Պեկինում տեղի կունենա Չինաստանի Կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարը: Այս մասին հայտնում է KBS հեռուստատեսությունը՝ հղում անելով հարավկորեական կառավարությունում ունեցած աղբյուրների:

«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը շաբաթ օրը Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի լիագումար նիստին ելույթ ունենալիս խոսել է  տնտեսության եւ միջուկային ծրագրի զուգահեռ զարգացման պարտավորվածության մասին: Այդ պատճառով մեծ է հավանականությունը, որ Հյուսիսային Կորեան կանցկացնի նոր միջուկային փորձարկումներ կամ հրթիռների  արձակում նախկին քաղաքականությունը պահպանելու վերաբերյալ պատրաստակամությունը ցուցադրելու նպատակով»­,- նշում է հեռուստաընկերությունը:

Նրա խոսքերով՝ այդ կապակցությամբ հարավկորեական եւ ամերիկյան զինվորները պահպանում են բարձր մարտական պատրաստվածություն եւ ակտիվորեն հետեւում են Հյուսիսային Կորեայի գործողություններին: Հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ 2006թ.-ին Հյուսիսային Կորեան իրականացրեց առաջին միջուկային փորձարկումը Կորեայի Աշխատավորական կուսակցության հիմնադրման տարելիցի օրվանից մեկ օր առաջ, իսկ 2015թ.-ի հոկտեմբերի 10-ին Փխենյանում տեղի ունեցավ լայնածավալ ռազմական շքերթ:

Ներկայումս իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ Փխենյանի միջուկային ծրագրի ակտիվ զարգացման պատճառով: Հուլիսին Հյուսիսային Կորեան երկու անգամ փորձարկել է բալիսթիկ հրթիռները, օգոստոսի 29-ին եւ սեպտեմբերի 15-ին իրականացրեց երկու հրթիռի արձակում, որոնք թռչել են Ճապոնիայի տարածքով, իսկ սեպտեմբերի 3-ին հայտնել էր միջցամաքային բալիսթիկ հրթիռների մարտագլխիկների ջրածնային լիցքավորման փորձարկման մասին:

Աղբյուր՝ tass.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝