Ալիեւների կլանի կոռուպցիոն բուրգը բացահայտած ադրբեջանցի լրագրողուհին այլընտրանքային Նոբելյան մրցանակ է ստացել

22053289_1280556692072935_232046976_n

Շվեդական Right Livelihood Award Foundation հիմնադրամն ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայիլովային շնորհել է այլընտրանքային Նոբելյան մրցանակ, հաղորդում է Deutsche Welle –ն: Մրցանակը շնորհվում է «պետական բարձր մակարդակում կոռուպցիայի բացահայտման ժամանակ ցուցաբերած արիության եւ տոկունության» համար: Իսմայիլովան այդ մրցանակը ստացող առաջին ադրբեջանցին է: 

2015թ.-ի սեպտեմբերի 1-ին ծանր հանցագործությունների գծով Բաքվի դատարանը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական բյուրոյի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովային քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով մեղավոր ճանաչեց: Նա դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման յուրացումների և հարկերից խուսափելու մեղադրանքով: 2016 թվականի մայիսի 25-ին Ադրբեջանի Գերագույն դատարանն ազատ  արձակեց Իսմայիլովային՝ նրա 7,5 տարվա պատիժը փոխարինելով 3,5 տարվա պայմանական ժամկետով:
Իսմայիլովան Ադրբեջանի իշխանական վերնախավում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որոնց արդյունքում բացահայտվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուր միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքը: 

Նույն մրցանակին են արժանացել նաեւ հնդիկ փաստաբան Քոլին Գոնսալվեսը եւ եթովպիացի իրավապաշտպան Յոտնեբերշ Նիգուսին: Մրցանակակիրներից յուրաքանչյուրը կստանա 105 հզր եվրո պարգեւավճար:   

Աղբյուր՝ Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝