Հրապարակվել են Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեի նախնական արդյունքները

imagen

Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ավելի քան 93 տոկոսն «այո» է ասել Իրաքյան Քուրդիստանի անկախացմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հանրաքվեի հարցով անկախ հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ տվյալները կարող են փոխվել, քանի որ ձայների հաշվարկը դեռ շարունակվում է: Վերջնական արդյունքները պարզ կդառնան հինգշաբթի օրը:
  
Հանրաքվեին մասնակցելու իրավունք է ունեցել 5,2 մլն ընտրող: Գործել են 6846 ընտրատեղամասեր Էրբիլում, Սուլեյմանիայում, Դոհուքում, Քիրքուկում, Նայնավայում եւ Սալահ-ադ-Դինում:  Բոլոր այդ շրջաններում ընտրողների ակտիվ մասնակցություն է գրանցվել:

Քուրդիստանի տարբեր քաղաքների հազարավոր բնակիչներ երեկ գիշերվանից դուրս են եկել փողոցներ՝ տոնելու հանրաքվեի ավարտը եւ ակնկալվող հաղթանակը: 
Իրաքի իշխանությունները հանրաքվեն անվանել է հակասահմանադրական: ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի եւ եվրոպական երկրների ներկայացուցիչները քրդերին բազմիցս առաջարկել էին հետաձգել հանրաքվեն:  Իրանը եւ Թուրքիան արդեն զորավարժություններ են սկսել սահմանին:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝