Էրդողանը գցում է իր անսահմանափակ իշխանության հիմքերը, որը կարող է ձգվել մինչեւ 2029թ.

17909433_1136774166451189_1096334117_n

Թուրքիայում այսօր անցկացվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, եւ եթե թուրքերը հավանություն տան իշխանությունների նախաձեռնած ծրագրին, դա կլինի այդ երկրում ամենաարմատական փոփոխությունը 1923թ.-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո, հաղորդում է Lenta.ru-ն:

Խորհրդարանական կառավարումից նախագահականին անցումը Ռեջեփ Թայիփ Էրդողանին անսահմանափակ իշխանություն կշնորհի, ով առանց այն էլ փաստացի միանձնյա է ղեկավարում երկիրը: Փոփոխությունների հակառակորդները պնդում են, որ Թուրքիան վերջնականապես կգլորվի դեպի իսլամիզացում եւ ավտորիտարիզմ, իսկ կողմնակիցները համարում են, որ այս անհանգիստ ժամանակաշրջանում կառավարման այդ համակարգը կայունություն կապահովի:

Եթե Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը հավանություն տա փոփոխություններին, երկիրն այլեւս վարչապետ չի ունենա, եւ Էրդողանն իր ձեռքում կկենտրոնացնի ամբողջ իշխանությունը, իրավունք կունենա ինքնուրույն ձեւավորել կառավարություն եւ ցրել խորհրդարանը: Նա կդառնա գերագույն գլխավոր հրամանատար, կունենա վետոյի իրավունք: Կփոխվի նաեւ երկրում արտակարգ դրություն սահմանելու եւ չեղարկելու կարգը:

17965837_1136774196451186_2062791563_n

Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից կհասնի 600-ի: Նախագահին զբաղեցրած պաշտոնից հեռացնելը փաստացի անհնար կլինի: Էրդողանը Սահմանադրական դատարանի 15 դատավորներից 12-ին կնշանակի իր հայեցողությամբ:

Էրդողանը վաղուց էր երազում Թուրքիան վերածել նախագահական հանրապետության, եւ 2016թ.-ի հուլիսի հեղաշրջման անհաջող փորձը նրա այդ նախագծի համար հավելյալ խթան հանդիսացավ:

Թուրքիայում նույն անձը չի կարող նախագահի պաշտոնը զբաղեցնել 5-ամյա երկու ժամկետից ավելի: Էրդողանին դա չի խանգարի, որպեսզի նա նախագահական աթոռին մնա մինչեւ 2029թ.-ը, քանի որ նոր ընտրությունները կանցկացվեն 2019-ին, իսկ նրա կառավարման նախկին ժամկետը հաշվարկի մեջ չի մտնում:

Աղբյուր՝ Lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝