Մադուրոն Թրամփին նոր Հիտլեր է անվանել

maduro2

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Դոնալդ Թրամփին անվանել է նոր Հիտլեր՝ ի պատասխան ՄԱԿ-ի ամբիոնից հարավամերիկյան երկրում տիրող իրավիճակի կապակցությամբ ԱՄՆ նախագահի հնչեցրած քննադատությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում, Թրամփը հայտարարել է, որ անընդունելի է Վենեսուելայում տիրող իրավիճակը, եւ երկրում իրադրության վատթարացման պատճառներից մեկը նշել է չգործող սոցիալիստական համակարգը:

«Վենեսուելայի ժողովուրդը սովի է մատնված, երկիրը փլուզվում է, թեեւ նախկինում այն աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն էր: ԱՄՆ-ն կարեւոր քայլեր է ձեռնարկում, որպեսզի վարչակազմը պատասխանատվություն կրի, եւ մենք ծրագրում ենք առաջիկայում եւս  միջոցներ ձեռնարկել, եթե այդ երկրի կառավարությունը ժողովրդին պարտադրի բռնատիրական կանոններ»,-հայտարարել է Թրամփը:

Ըստ Մադուրոյի, Թրամփի խոսքերը կարելի է գնահատել որպես սպառնալիք Վենեսուելայի նախագահի կյանքին եւ միջազգային քաղաքականությունում նոր Հիտլերի ագրեսիա հարավամերիկյան հանրապետության ժողովրդի դեմ:

Ավելի վաղ Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան հայտարարել էր, որ իրենք չեն բացառում ԱՄՆ-ի կողմից գործողությունները եւ պատրաստ են պաշտպանել իրենց ինքնիշխանությունը:

 Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝