Ալիեւը ներում է շնորհել բլոգեր Լապշինին

lapshin

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում է շնորհել հայտնի բլոգեր, ՌԴ եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին, ով հուլիսին երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Պաշտոնական Բաքվի վարկածով, Լապշինն առանց ադրբեջանական կողմի թույլտվության 2011թ.-ի ապրիլին եւ 2012թ.-ի հոկտեմբերին այցելել է Ղարաբաղ: Բացի այդ, նա սոցցանցերում կատարած իր գրառումներով կոչեր է հնչեցրել ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը:

Լապշինն ադրբեջանական իշխանությունների կողմից «սեւ ցուցակում» էր ընդգրկվել, արգելվել էր նրա մուտքը Ադրբեջան: Այնուամենայնիվ, 2015թ.-ին բլոգերն այդ երկիր էր մուտք գործել Վրաստանի տարածքով:

Ադրբեջանում քրեական գործ էր հարուցվել նրա նկատմամբ: 2016-ի դեկտեմբերին Լապշինին ձերբակալեցին Բելառուսի տարածքում, իսկ փետրվարի 7-ին տեղափոխեցին Բաքու:

Լապշինը դատաքննության ընթացքում չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքները, սակայն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է հանդիսանում:

 

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝